Քոչարյանն ընտրեց Մարտի 1-ը. Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ․ Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2008 թվականի նախագահի ընտրություն (2-րդ մաս)
Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չընդունեցին 2008-ի նախագահի ընտրության՝
հայտարարված արդյունքը։ Քվեարկության հաջորդ օրվանից՝ փետրվարի 20-ից, սկսվեցին շուրջօրյա
բողոքի ակցիաներ՝ Սերժ Սարգսյանին ընտրված համարելու որոշումը չեղյալ համարելու պահանջով։
Շարժումը, հակառակ կանխատեսումներին, օր օրի ընդլայնվում էր։ Ամեն օր հայտնի էր դառնում, որ
իշխանական տարբեր ներկայացուցիչներ սատարում են Տեր-Պետրոսյանին։ Հանրապետության
զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հրապարակավ հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են, և կոչ
արեց ժողովրդին տեր կանգնել իր քվեին։ Օրեր անց նա պաշտոնանկ արվեց և կալանավորվեց։
Հանրահավաքային ալիքի գագաթնակետը եղավ փետրվարի 26-ը, երբ նախագահի պաշտոնը դեռ չստանձնած
Սերժ Սարգսյանը նույնպես հանրահավաք հրավիրեց՝ իրեն սատարողներին ցուցադրելու նպատակով։
Պետական համակարգի աշխատակիցներ, ուսուցիչներ ու աշակերտներ ավտոբուսներով բերվեցին Երևան,
սակայն նրանցից շատերը հրաժարվեցին մասնակցել և Ազատության հրապարակում միացան Տեր-
Պետրոսյանի կողմնակիցներին ։
Այդ պահից իշխանությունը դարձավ առավել ագրեսիվ ։ Դեռևս գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը
հայտարարեց, որ իր համբերության բաժակը կարող է լցվել ։ Իշխանությունները փոխեցին
մարտավարությունը՝ իրենց կողմը գրավելով ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Արթուր
Բաղդասարյանին։
«Օրինաց երկրի» առաջնորդը, որ մինչև այդ կասկածի տակ էր առնում ընտրության արդյունքը, ընդունեց
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը և համաձայնվեց կոալիցիայի մեջ մտնել
Հանրապետականի, ԲՀԿ-ի ու Դաշնակցության հետ ։
Այդ հայտարարությունից հետո իշխանության ձեռքերը կարծես ամբողջությամբ ազատվեցին ։
Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերը հարձակվեցին Ազատության հրապարակի վրանային
ավանի վրա, ծեծեցին ու ձերբակալեցին հարյուրավոր մարդկանց։ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետն
անձամբ հեռացրեց ընդդիմության առաջնորդին տարածքից։ Լեւոն Տեր-Պետրոսյանին իրավապահները
բռնությամբ տարան իր տուն ու փաստացի տնային կալանքի ենթարկեցին։
Խուճապահար ցուցարարներին ուժայինները հետապնդում ու դաժան ծեծի էին ենթարկում։ Այնուհանդերձ,
ժամեր անց բողոքի ակցիան շարունակվեց Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Ցուցարարները, Նիկոլ
Փաշինյանի կոչով բարիկադներ կառուցեցին։
Երեկոյան ոստիկանները զենք կիրառեցին։ Ռոբերտ Քոչարյանը Երևանում արտակարգ դրություն
հայտարարեց։ Գիշերը ժամը երեքին մոտ Տեր-Պետրոսյանը կոչ արեց ցուցարարներին հեռանալ
դեսպանատներին հարող տարածքից, և հրապարակը դատարկվեց։
Մարտի 1-ի արյունալի գործողությունների հետևանքով զոհվեց տասը քաղաքացի, որոնցից երկուսը
ոստիկաններ էին։ Ընդդիմության առաջանորդները, մի քանի տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին եւ
դատապարտվեցին տարբեր հոդվածներով։
Արտակարգ դրության, խոսքի և մամուլի ազատության, ինտերնետի սահմանափակման պայմաններում
Սահմանադրական դատարանը լսեց ու մերժեց ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու
դիմումը։ Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկեց չորս պատգամավորի։ Մարտի 1-ի գործն առ
այսօր ամբողջովին բացահայտված չէ։
https://www.youtube.com/playlist?list=PLxOTKuAH4yggo5ysgb-ZjLE0ujloA3mkv