Հացադուլն ու մահափորձը չեն խանգարում,որ Սերժ Սարգսյանը դառնա նախագահ. Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի նախագահի վերջին համաժողովրդական ընտրությունը տեղի է ունեցավ 2013-ի փետրվարի
18-ին։
Երկու տարի անց Սահմանադրության փոփոխություններով երկիրն անցավ կառավարման
խորհրդարանական համակարգի։ Այսօր նախագահն ունի շատ սահմանափակ լիազորություններ և ընտրվում
է Ազգային ժողովում։
Քվեարկությանը մասնակցեց յոթ թեկնածու։ Իշխող ուժի թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն
էր։ Մի շարք առաջատար ուժեր թեկնածուներ չառաջադրեցին։ Հրաժարվեց նախորդ ընտրությանը
ամենաշատ քվեներ ստացած Լևոն Տեր-Պետրոսյանը, Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը։ «Հայ
ազգային կոնգրես» դաշինքին անդամակցող «Ազատություն» կուսակցությունն առաջադրեց Հրանտ
Բագրատյանի թեկնածությունը, սակայն Կոնգրեսը չպաշտպանեց նրան։
Այս անգամ գրանցվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի
թեկնածությունը. 2003-ին և 2008-ին նրա հայտը մերժվել էր տասը տարվա քաղաքացիություն
չունենալու հիմքով։
Քարոզարշավի առաջին օրը նշանավորվեց հացադուլով։ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը
Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ հացադուլ սկսեց։
- Ես կդադարեցնեմ այն ժամանակ, երբ երկրում ստեղծված կլինեն ազատ ընտրությունների համար պայմաններ։
Ղուկասյանը պահանջում էր չեղյալ հայտարարել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը։
Նույն այդ օրը նախագահ Սարգսյանի քարոզարշավը մեկնարկեց հանդիսավորությամբ՝ հայկական շոու
բիզնեսի աստղերի մասնակցությամբ ու աջակցությամբ։
-Մենք հաշվետվություն ենք տալիս արվածի ու նաև չարվածի համար և սկսածն ավարտելու քվե ենք խնդրում
մեր ընտրողներից։
Քարոզարշավի տասներորդ օրը մահափորձ կատարվեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի
նկատմամբ։ Դեպքը տեղի ունեցավ հունվարի 31-ի ուշ երեկոյան։
-Կասկածում եմ օտար պետության․․․․գործելակերպի վրա։
Այս իրադարձությունը կարող էր ընտրության հետաձգման կամ նոր ընտրություն նշանակելու պատճառ
դառնալ։ Բայց Պարույր Հայրիկյանը ի վերջո հրաժարվեց դատական բողոք ներկայացնելուց՝ իր նկատմամբ
հարուցված խոչընդոտն անհաղթահարելի ճանաչելու պահանջով։
Քվեարկությունից մի քանի օր առաջ նախագահի թեկնածուներից երկուսը՝ Անդրիաս Ղուկասյանն ու Արման
Մելիքյանը հայտարարեցին, որ անկախ ելքից, չեն ճանաչելու փետրվարի 18-ի ընտրության արդյունքները։
Ընտրության պաշտոնական արդյունքներով Սարգսյանը ստացավ ձայների 58.64 տոկոսը, Հովհաննիսյանը՝
36.75 տոկոսը։
Այժմ հենց Րաֆֆի Հովհաննիսյանից էր կախված՝ կվիճարկվե՞ր արդյոք ընտրության
արդյունքը։