Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փաշինյանի նվերը մնաց գետնին․ ակցիա Սամվել Կարապետյանի ազատության պահանջով (տեսանյութ)

Երևանում Կառավարության շենքի դիմաց  ակցիա էր՝ գործարար Սամվել Կարապետյանի ազատության պահանջով։ Մասնակիցները հայտարարում են, որ հավաքվել են՝ վարչապետից պահանջելու «վերջ տալ զանգովի արդարադատությանն ու անօրինական գործողություններին»։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։ 

Ակցիայի կազմակերպիչներից Արթուր Միքայելյանը հայտարարեց, որ գործող իշխանությունները չեն իրականացրել իրենց  խոստումները։ «Մի կետ ցույց տվեք, որ իրենք կատարել են իրենց նախընտրական ծրագրերից», - ասաց նա՝ հավելելով, որ «ուժեղ Հայաստանի սկիզբը դրվելու է հունիսի 8-ից»։

Ակցիայի ընթացքում մասնակիցները հայտարարեցին, որ վարչապետի համար «նվեր» ունեն։ Խոսքը հեռախոսի մասին էր։ Նրանց խոսքով՝ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Սամվել Կարապետյանին հեռախոս փոխանցելու մասին, որպեսզի վերջինս կապ հաստատի ժողովրդի հետ, սակայն, ըստ ակցիայի մասնակիցների, այդ խոստումը չի կատարվել։

Արթուր Միքայելյանը հայտարարեց, որ իրենք են որոշել հեռախոս նվիրել վարչապետին։ Նրա խոսքով՝ դա «բարի հեռախոս» է, որը «վատ արարքները բլոկելու է»։ Միքայելյանը նաև կոչ արեց, որ վարչապետը «այդ հեռախոսով վերջին անգամ եթեր մտնի և հայտարարի, որ Հայաստանում այսուհետ գերիշխելու է օրենքը»։

Ակցիայի ընթացքում հնչեցին նաև հայտարարություններ Արցախի մասին։ Մասնակիցները նշեցին, որ «Արցախի էջը ոչ ոք չի կարող փակել» և ընդգծեցին, որ կարևոր է, որպեսզի արցախցիները մնան Հայաստանում և «երկրորդ անգամ չհայրենազրկվեն»։ Նրանց խոսքով՝ Սամվել Կարապետյանի ծրագրերում նախատեսվում է պայմաններ ստեղծել արցախցիների համար։

Մասնակիցները նաև ընդգծեցին, որ երկրում ձևավորված մթնոլորտը, իրենց կարծիքով, բացասաբար է ազդում հասարակության վրա։ «Սա մեր երկրի խնդիրն է, սա անձնական խնդիր չէ», - ասում են նրանք։

Արթուր Միքայելյանը հավելեց, որ, իրենց համոզմամբ, Սամվել Կարապետյանի ազատազրկումը ապօրինի է և արդեն յոթ ամիս շարունակվում է վախի պատճառով։ Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս, որ վարչապետը «վախենում է Սամվել Կարապետյանից»։

Ակցիայի ավարտին մասնակիցները փորձեցին  փոխանցել  հեռախոսը։ «Դուրս եկեք, մենք նվեր ունենք», - կառավարության շենքի ուղղությամբ հայտարարեց Արթուր Միքայելյանը։ Սակայն շենքից ոչ ոք դուրս չեկավ։ Ակցիայի մասնակիցները փորձեցին հեռախոսը փոխանցել շենք ներս տանելու համար, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Արդյունքում՝ նրանք հեռախոսը թողեցին կառավարության շենքի մոտ՝ գետնին դրված։