Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (3)
A A
Պաշտոնական

Քննարկվել են գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական կազմակերպությունների ղեկավարներին՝ քննարկելու գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ համակարգային փոփոխություններն արվում են աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և զարգացման նոր հեռանկար բացելու նպատակով։ Նա անդրադարձել է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրին, որում հավակնոտ թիրախներ են սահմանված, մասնավորապես՝ ֆինանսավորման ծավալների ավելացման հետ կապված։ Ըստ նախարարի՝ 2030 թվականի համար գիտության ոլորտի ֆինանսավորումը նախատեսվում է հասցնել ՀՆԱ-ի մինչև 1 տոկոսին։

«Մենք խոսում ենք լուրջ ավելացումների մասին, ինչը բոլորիս առաջ պատասխանատվություն է դնում՝ ապահովելու ծրագրերի իրականացման բարձր որակ՝ կարևորելով աշխատանքների մշտադիտարկումն ու հանրային հաշվետվողականությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ներքին արդյունավետության բարձրացման լուրջ աշխատանք կա անելու: Այս համատեքստում նա անդրադարձել է ատեստավորման գործընթացին՝ որպես ներքին արդյունավետության բարձրացման մասնագիտական կարևոր գործիքակազմի:

Ատեստավորման գործընթացի իրականացումը վերապահվում է ինստիտուտներին, որոնք ինքնավարության հետ մեկտեղ պատասխանատվություն են ստանձնում ատեստավորման որակի նկատմամբ՝ ապահովելով հանրային վստահության բարձրացումը:

ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը ևս անդրադարձել է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրին, որում, ըստ նրա, առանձնահատուկ տեղ ունեն գիտության հանրայնացումն ու գիտության ոլորտի թափանցիկ կառավարման հրամայականը՝ ավելի շատ ներկայացնելով ներդրումների արդյունքները:

Անդրադարձ է եղել ԿԳՄՍ նախարարի նախաձեռնությանը, ըստ որի՝ դպրոցականներն այցելում են գիտական ինստիտուտներ՝ տեղում ծանոթանալու գիտական կյանքին: Ընդգծվել է, որ նախատեսվածից գրեթե 10 անգամ ավելի աշակերտներ են գրանցվում մասնակցելու նպատակով, ուստի նախատեսվում է գործընթացի ինստիտուցիոնալացում՝ ներդնելով գրանցման համակարգ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտական կազամակերպություների կանոնադրություններում նախատեսվող փոփոխություններին։ Նշվել է, որ առաջարկվող փոփոխության նպատակը փոխհարաբերությունները, փաստաթղթաշրջանառությունն ու հաղորդակցումն ավելի արդյունավետ դարձնելն է՝ օրենսդրության լավարկումներով, ընթացակարգերի բարելավման ու գործընթացների թվայնացման օրակարգով։

Ընդգծվել է, որ սահմանված ժամկետում կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները:

Հանդիպման շրջանակում ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը կանոնադրության բովանդակության, տեխնիկական փոփոխությունների, ակնկալվող արդյունքների և այլնի վերաբերյալ: