Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Անտառների միջազգային օրը՝ «Էկո-հետազոտություն» մրցույթով

Մարտի 21-ին՝ Անտառների միջազգային օրվա կապակցությամբ, շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից անցկացվել է «Էկո-հետազոտություն» կրթական միջոցառում-մրցույթը։

Մրցույթին մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները, ինչպես նաև Կոտայքի մարզի Ողջաբերդի միջնակարգ դպրոցի աշակերտները։

Միջոցառմանը ներկա էր նաև Շրջակա միջավայրի նախարարության կենսաբազմազանության և քաղաքականության վարչության ներկայացուցիչ Ալիկ Բադալյանը, որը մասնագիտական խորհրդատվությամբ աջակցել է մրցույթի կազմակերպմանն ու մասնակիցների աշխատանքների գնահատմանը։

Մրցույթի շրջանակում մասնակիցները ներկայացրել են իրենց պատրաստած տեսանյութերը՝ բնապահպանական տարբեր թեմաների շուրջ։ Ներկայացուցիչների խոսքով՝ երիտասարդների ներկայացրած աշխատանքներն աչքի են ընկել ստեղծագործական մոտեցմամբ, արդիականությամբ և պատրաստման բարձր մակարդակով։

Չնայած բոլոր աշխատանքներն ստացել են բարձր գնահատական, առանձնացել է Ողջաբերդի միջնակարգ դպրոցի աշակերտների թիմը, որը «Թափոնների կուտակման ազդեցությունը հասարակության վարքի ձևավորման վրա» թեմայով աշխատանքի համար ճանաչվել է մրցույթի հաղթող։

Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով, իսկ առավել ակտիվներն արժանացել են նաև անհատական խրախուսական նվերների։

Միջոցառմամբ ընդգծվել է բնապահպանական կրթության կարևորությունը և երիտասարդների ներգրավվածության դերը շրջակա միջավայրի պահպանության գործում։ Էկոտուրիզմի մասնագետ Սոնա Վարագյանը նշում է, որ ծրագրի նպատակն է ձևավորել գիտակից, քննադատական մտածողությամբ և պատասխանատու երիտասարդ սերունդ, որը կարող է ոչ միայն բացահայտել բնապահպանական խնդիրները, այլև առաջարկել դրանց իրատեսական լուծումներ։

«Վստահ ենք, որ այս ակտիվ մասնակցությունը վկայում է երիտասարդների՝ բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի և բարձր պատասխանատվության մասին»,- ասել է Սոնա Վարագյանը։