Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է՝ ԸՕ փոփոխությունները ուղղված են Սամվել Կարապետյանի դեմ (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ Ընտրական օրենսգրքում իշխանական խմբակցության առաջարկած փոփոխությունները նպատակ ունեն սահմանափակել իրենց քաղաքական ուժի գործունեությունը և ուղղված են Սամվել Կարապետյանի դեմ։

Կուսակցության անդամ Գոհար Մելոյանի խոսքով՝ նախագծով նախատեսվող փոփոխություններից առանցքայինն այն է, որ դաշինքներին արգելվում է իրենց անվանման մեջ օգտագործել կոնկրետ անձի անուն։

«Այս կարգավորումը բացահայտ կերպով ուղղված է մեր քաղաքական ուժին․ փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումը դաշինքի անվանման մեջ»,- ճեպազրույցում նշել է նա։

Խորհրդարանն այս պահին քննարկում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց նմանվող ձևեր, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ։ Իշխանական խմբակցությունում նշում են, որ փոփոխությունների նպատակը ընտրական գործընթացի բարելավումն է, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը քննադատում է նախագիծը՝ պնդելով, որ այն ընդունվում է առանց բավարար քննարկման։

Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում արդեն ձևավորվել են մի քանի խոշոր դաշինքներ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը։

Կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանն էլ նշել է, որ առաջարկվող փոփոխությունները, իրենց գնահատմամբ, վկայում են իշխանության մտահոգությունների մասին։