Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

«Խաղողը մշակում են Ալվարդն ու Մարինեն, բայց գումարը ստանում են Աշոտն ու Անդրանիկը». գինեգործության «չերևացող» կողմը

Հայաստանի խաղողագործության ոլորտում կանայք շարունակում են մնալ հիմնական աշխատուժը։

«Հայաստանում խաղողագործությամբ զբաղվողների 85 տոկոսը կանայք են։ Խաղողը մշակում են Ալվարդը, Սիլվարդը, Կարինեն ու Մարինեն, բայց գումարը ստանում են Աշոտը, Վարդանն ու Անդրանիկը»,- Ա1+-ի հետ զրույցում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացնում է ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները․

Նրա խոսքով՝ ֆերմերային տնտեսություններում հիմնականում կանայք են խաղողագործությամբ զբաղված, սակայն նրանք հաճախ մնում են որպես «չերևացող աշխատուժ, մինչդեռ հենց իրենց աշխատանքի արդյունքն է դառնում գինու հիմքը։

Մուրադյանը նշում է, որ իր անձնական օրինակով փորձել է կոտրել ոլորտում առկա կարծրատիպերը․

«Ես իմ օրինակով կոտրել եմ կարծրատիպը. դու կարող ես լինել կին և ունենալ սեփական արտադրությունը»։

Նա նաև ընդգծում է, որ գինու ակադեմիայի ստեղծումից հետո շատ կանայք են ոգեշնչվել և սկսել իրենց գործունեությունն այս ոլորտում։

Այսօր Հայաստանում արդեն կան բազմաթիվ երիտասարդ կին գինեգործներ, որոնք ունեն բարձր մասնագիտական գիտելիքներ և սեփական բրենդներ։

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր երկրում շատ են երիտասարդ, բարձր գիտելիքի տեր աղջիկ գինեգործները»,- նշում է նա։

Մուրադյանի համոզմամբ՝ գինեգործությունն այն ոլորտներից է, որտեղ սեռը որոշիչ չէ․

«Եթե դու հմուտ մասնագետ ես, կապ չունի՝ տղամարդ ես թե կին, դու կհաջողես»։

Նրա խոսքով՝ գինեգործությունը, չնայած ֆիզիկական աշխատանքին, սեռ չի ճանաչում և հաջողությունը կախված է գիտելիքից ու մասնագիտական պատրաստվածությունից։