Բացել լրահոսը Փակել լրահոսը
կասկադ
A A
Պաշտոնական

Գաֆէսճեան թանգարանը կոչ է անում՝ Կասկադում չանցկացնել քաղաքական միջոցառումներ

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի (Թանգարանի) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը:
 
Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ երջանկահիշատակ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով՝ թանգարանը կազմակերպել է բազմազան ցուցահանդեսներ, այդ թվում՝ ներկայացնելով կարևոր ստեղծագործությունների ընտրանի Գաֆէսճեան Արթ Թրասթից:
 
«2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր թանգարանը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրել է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպել է դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում կենտրոն:
 
Գաֆէսճեան քանդակների պարտեզն ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող Ա․ Թամանյանի անվան պուրակի տարածքը: Պուրակում են զետեղված բազմաթիվ արվեստանմուշներ, այդ թվում՝ հեղինակավոր արվեստագետներ Ֆերնանդո Բոտերոյի, Ժաումե Պլենզայի, Ջեք Յանգերմանի, Յուե Մինջունի, Ջի Յոնգ-Հոյի և այլ արվեստագետների ստեղծագործությունները:
 
Հաշվի առնելով Ազգային ժողովի ընտրությունների առնչությամբ իրականացվող քաղաքական գործընթացները, այդ թվում՝ սպասվող նախընտրական քարոզչությունը, հավաքները (երթերը), թանգարանը դիմում է բոլոր կուսակցություններին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում, այդ թվում՝ Կասկադ համալիրում և Թամանյան պուրակում քաղաքական գործունեություն ծավալելուց ձեռնպահ մնալու խնդրանքով:
 
Հիշեցնում են, որ «Թանգարանների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արգելվում է թանգարանների օգտագործումը քաղաքական գործունեության նպատակով։
 
Քաղաքական նպատակով անցկացվող բազմամարդ միջոցառումները կարող են անդառնալի վնաս հասցնել թանգարանային նմուշներին»,- ասվում է հաղորդագրությունում: