Հնարավո՞ր է արդյոք խաղաղ գոյակցություն բիզնեսի ու բնության միջև (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդյոք պարտադի՞ր է, որ հակադրություն լինի բիզնեսի ու բնության միջև, թե՞ հնարավոր է խաղաղ գոյակցություն և գործընկերություն։ Ինչպե՞ս նվազեցնել բնությանը հասցվող ռիսկերը։ Ի՞նչ դեր ունի ու ինչ լծակներ պետք է ունենա պետությունը, ի՞նչ խնդիրներ պետք է լուծի բիզնեսի պատասխանատուն։
Այսօր Երևանում կայացավ կայուն զարգացման խնդիրներին նվիրված երրորդ Robust Armenia կոնֆերանսը` «Բիզնեսը և բնությունը» խորագրի ներքո։ Կոնֆերանսի կազմակերպիչ Արա Թադևոսյանը նշում է՝ պետությունը և կարգավորիչ մարմինները սահմանում են պարտադիր պահանջները, սակայն յուրաքանչյուր ընկերություն ինքն է որոշում համապատասխանել միայն պարտադիր նվազագույնին, թե կատարել ավելին։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը վստահեցնում է, որ իրենք որդեգրել են ժամանակակից կայուն զարգացման մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվություն բառը։ Ըստ նրա, կոմբինատը, թերևս ամենախոշոր էներգասպառողներից է և վերականգնվող էներգետիկան չի կարող կոմբինատի ռազմավարության մաս չկազմել։
Պարոն Ստեփանյանի խոսքով՝ կայուն զարգացման ցանկացած ծրագիր կամ նախաձեռնություն, եթե հիմքում չունի տնտեսական բաղադրիչ, կլինի կարճաժամկետ։ Շարունակական և երկարաժամկետ ծրագրերի համար կարևոր է տնտեսական բաղադրիչի ապահովումը։ Կոմբինատը նախատեսում է նաև անտառ վերականգնման ծրագիր, որի իրականացման համար արդեն իսկ եռակողմ հուշագիր են ստորագրել Շրջակա միջավայրի նախարարության և «Հայանտառ» կազմակերպության հետ։