Դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկների միջով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 24-ին Երևանում մի ամբողջ փողոց դադարում է պարզապես փողոց լինել ու փոխում է իր նշանակությունը։
Հալաբյան փողոցում առավոտից չի դադարում մարդկանց հոսքը։ Այստեղից էլ սկսվում է ճանապարհը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Եվ այդ ճանապարհն անցնում է ծաղիկների միջով։ Ձեռքից ձեռք փոխանցվող կակաչներ, մեխակներ, վարդեր։ Տարիների ընթացքում այս ծաղիկները դարձել են հիշողության գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Այդ ծաղիկները խոնարհվում են 1․5 միլիոն զոհերի հիշատակին։
1967թ-ից Երեւանի անբաժանելի մաս կազմող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհվել են Օսմանյան Թուրքիայի (Օսմանյան կայսրության) ամբողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած ցեղասպանության ժամանակ:
Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ (երկարությունը՝ 100 մ), որի վրա փորագրված են Թուրքիայի հայաշատ այն բնակավայրերի անունները, որտեղ կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներ և տեղահանություններ, Հավերժության տաճար՝ 12 մույթերով ու անմար կրակով (մույթերի բարձրությունը ներսից՝ 9 մ, արտաքինից՝ 7 մ), «Վերածնված Հայաստան» հուշասյուն, որը հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող երկմաս կոթող է 40 մ բարձրությամբ:
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։