Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Մարզադպրոցը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Մալխաս և Ռոման Ամոյանները ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձ, որը տեղադրվել է մարզադպրոցի հիմքերում։
Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզադպրոցի հիմնարկեքի առիթով և հույս հայտնել, որ այն շահագործման կհանձնվի սահմանված ժամկետում: Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մալխաս և Ռոման Ամոյաններին, նշել է, որ այս ամենը Հայաստանի Հանրապետության հարգանքի տուրքն է իրենց մարզական վաստակին և ծառայություններին:
Շենքը բաղկացած է երկու մասից՝ մոտ 100 հանդիսատեսի համար նստատեղերով դահլիճ և երկհարկանի սպասարկող հատված։ Առաջին հարկում տեղակայված են լինելու նախամուտք, հանդերձարաններ, լողավազան, շոգեբաղնիք, բժշկի և մարզիչի սենյակներ, սանհանգույցներ, պահեստ։ Երկրորդ հարկում նախատեսվել են ֆիզիկական պատրաստվածության և մարզասարքերի դահլիճ ու վարչական սենյակներ։ Մարզադպրոցն ունենալու է նկուղ, որտեղ կարող են անցկացվել սեղանի թենիսի մարզումներ։
Կառույցն ունենալու է հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող թեքահարթակներ և վերելակ։ Տարածքում առկա մանկապարտեզի անավարտ կառույցն ապամոնտաժվելու է։ Մարզադպրոցի շենքից բացի տեղակայվելու են կոյուղաջրերի մաքրման կայան և ﬔքենաների կայանատեղի։