A
A
Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից
Աջակցիր «Ա1+»-ինՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը որոշել է հրաժարվել խորհրդարանի պատգամավորի մանդատից, սակայն պատրաստ է մնալ «Ֆիդես-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության ղեկավարի պաշտոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ֆիդեսի և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության կոալիցիոն ցուցակի առաջին թեկնածուի կարգավիճակում ստացած մանդատը, ըստ էության, Ֆիդեսի համար խորհրդարանական մանդատ է, ուստի ես որոշել եմ հրաժարվել դրանից։ Ես հիմա անհրաժեշտ եմ ոչ թե խորհրդարանում, այլ ազգային կուսակցական շարժման վերակազմակերպման համար»,- հայտարարել է Օրբանը հունգարական հեռուստաալիքներով հեռարձակված տեսաուղերձում։
Նա նշել է, որ Ֆիդեսի վարչությունը հրավիրել է իրեն շարունակել կուսակցության նախագահի պաշտոնը և մտադիր է հունիսին անցկացնել ազգային համագումար։
«Եթե համագումարը վստահություն հայտնի ինձ, ես պատրաստ կլինեմ կատարել այս խնդիրը»,- ընդգծել է Օրբանը։
Օրբանը հիշեցրել է, որ գրեթե չորս տասնամյակ ղեկավարել է Ֆիդես կուսակցությունը, որի ընթացքում այն ապրել է «հաջողություններ և անհաջողություններ, հաղթանակներ և պարտություններ»։
«Այնուամենայնիվ, մեկ բան մնում է անփոփոխ. այն միշտ հանդիսացել է Հունգարիայի ամենահամախմբված և միասնական քաղաքական համայնքը, և այս համախմբվածությունն այժմ անհրաժեշտ է ավելի քան երբևէ»,- հավելել է նա։