Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կվավերացվի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ 2025 թ դեկտեմբերի 21-ին ստորագրված համաձայնագրի նպատակն է ազատականացնել եւ պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջեւ տնտեսական եւ առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։
Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում այն ապրանքատեսակները, որոնց կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ:
Հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ։
Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ, մասնավորապես՝ հանքային ջրեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), պահածոյացված մրգեր և բանջարեղեն (գործող մաքսատուրք՝ 20%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), մրգային հյութեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ 0%), ջեմեր (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո մաքսատուրքը նվազեցում է 50% -ով) և այլն։
Արդյունաբերական ապրանքների մասով ընտրությունը ևս իրականացվել է նույն սկզբունքով եւ ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են պղնձե արտադրանքը (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 0% կամ մաքսատուրքի նվազեցում 3 տարվա ընթացքում մինչև 0%), դեղամիջոցները (գործող մաքսատուրք՝ 5%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 0% կամ նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 3-ից 15 տարվա ընթացքում մինչև 0%), ոսկերչական իրերը (գործող մաքսատուրք՝ 15%, համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 5-ից 15 տարվա ընթացքում մինչև 0%) և այլն։
Համաձայնագրով կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն ինդոնեզական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը:
Համաձայնագրի վավերացման նախագիծը Գործադիր մարմնի անդամներին կներկայացնի Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։