Բացել լրահոսը Փակել լրահոսը
անկախ դիտորդ
A A
Պաշտոնական

«Անկախ դիտորդը»՝ կուսակցությունների համագումարների մասին

Անկախ դիտորդի հայտարարությունը․

Կուսակցությունների համագումարների դիտարկման ամփոփում
 
📍 2026թ․ հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին առաջադրվող կուսակցություններն իրենց (կամ դաշինքի) ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուների ցուցակը պիտի հաստատեն կուսակցության համագումարով։ Այս պահանջը 2021 թ․ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթով նախատեսված ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանն ուղղված կարևոր միջոցառում է, որն ուժի մեջ է մտել այս ընտրությունների նշանակման պահից և գործում է առաջին անգամ։
 
📍 Կուսակցությունների մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ Կուսակցությունը հայտարարություն է տեղադրում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http: //www.azdarar.am) իր հիմնադիր համագումարի մասին համագումարից 1 ամիս առաջ, իսկ հերթական և արտահերթ համագումարների դեպքում՝ 10 օր առաջ։
📍 Կուսակցությունների մասին օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ կուսակցության համագումարն իրավազոր է, եթե համագումարին ներկա է կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, իսկ համագումարին պատվիրակների մասնակցության դեպքում՝ պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ։
 
 Անկախ դիտորդն իրականացրել է կուսակցությունների և դաշինքների համագումարների դիտարկում մարտի 9-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ օրենսդրական պահանջի կատարումը գնահատելու համար։
📍 Ընդհանուր առմամբ դիտարկման ժամանակահատվածում Ազդարար կայքում առկա տվյալներով հայտարարվել է 47 համագումարի և 1 համաժողովի մասին, իսկ 4 համագումարներն իրականացվել են առանց իրազեկման։
 
🗳️ Ընտրություններին առաջադրված կուսակցություններ
Ընտրություններին առաջադրված 22 կուսակցություններից (17-ը առանձին, ևս 5-ը՝ երկու դաշինքների կազմում) չորսը չեն հայտարարել իրենց համագումարի մասին, դրանք են՝
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը,
«Հանուն հանրապետության» ժողովրդավարների պաշտպանների կուսակցությունը,
«Նոր ուժ» կուսակցությունը,
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը։
 
Կուսակցությունների Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջերում տեղադրված հրապարակումներից տեղեկանում ենք, որ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության համագումարը տեղի է ունեցել ապրիլի 22-ին, իսկ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությանը՝ ապրիլի 19-ին։ «Հանուն հանրապետության» ժողովրդավարների պաշտպանների կուսակցությունը հրապարակել է, որ համագումարի արդյունքում կազմվել է ընտրական ցուցակը, սակայն հրապարակումից պարզ չէ, թե երբ է տեղի ունեցել համագումարը։ «Նոր ուժ» կուսակցության դեպքում համագումարի մասին որևէ տեղեկություն բացակայում է, սակայն ըստ Ազդարարում ծանուցման՝ այն նախատեսված է եղել մարտի 7-ին։ Կուսակցությունը մարտին կազմակերպել է համաժողով, որի ընթացքում ներկայացվել է նախընտրական ծրագիրը, սակայն չկա տեղեկություն ընտրական ցուցակի հաստատման վերաբերյալ։
📍 Համագումարի վերաբերյալ չծանուցելը հանդիսանում է Կուսակցությունների մասին օրենքի 17-րդ հոդվածի 1․1 մասի պահանջի խախտում, որը սակայն չի նախատեսում որևէ իրավական հետևանք։
 
📍 Մյուս 18 ուժերը հայտարարել և անցկացրել են համագումարներ (երբեմն մեկից ավելի, կամ մի քանի անգամ հետաձգելով)։ Այս համագումարների մի մասը եղել են բաց թե՛ ԶԼՄ-ների, թե՛ դիտորդների համար, իսկ մի մասը՝ փակ։ Դիտարկված համագումարներից 3-ում («Ալյանս», «Բոլորին դեմ եմ», «ԴՕԿ» և «Միավորված Հայեր») և ըստ երևույթի 1 («Քրիստոնեա-Ժողովրդավարական») չդիտարկված համագումարում, ըստ իրենց կողմից տարածված լուսանկարների, մասնակիցների թիվը պակաս է եղել 100-ից, ինչը պակաս է պատվիրակների օրենքով նախատեսված նվազագույն թվից։ Հարկ է ենթադրել, որ տվյալ կուսակցությունները համագումարն իրականացրել են ոչ թե պատվիրակների, այլ բոլոր անդամների առնվազն կեսի մասնակցությամբ։
📍 Ողջունելի է, որ որոշ կուսակցություններ համագումարի կողմից հաստատման ներկայացնելուց առաջ կազմակերպել են ներկուսակցական քվեարկություն՝ ընտրական ցուցակում թեկնածուների հերթականությունը սահմանելու համար։
 
🔎 Ըստ Անկախ դիտորդի դիտարկումների, դրանք են՝ «Բոլորին դեմ եմ», «Հանրապետություն», «Շնորհապետական» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
📃 Դիտարկված համագումարներից 8-ի ժամանակ մասնակիցները հաստատել են նախապես կազմած ցուցակը, որն իրենց ներկայացվել է ամբողջությամբ և առանց փոփոխելու հնարավորության, իսկ ևս 6-ի վերաբերյալ տեղեկություններ առկա չեն՝ դիտորդի ներկայությունը բուն համագումարին չթույլատրելու և չլուսաբանելու պատճառով։