Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում է, դուք Ալիեւին շնորհակալություն եք հայտնում, ինչի՞ համար.Դանիելյան (տեսանյութ)

ԱԺ-ում դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը քննադատեց իշխանություններին՝ անդրադառնալով «Սրբազան պայքարի» գործով հրապարակված ձայնագրություններին, կալանքների կիրառմանը և իշխանության վերաբերմունքին ընդդիմադիրների նկատմամբ։

Դանիելյանը հայտարարեց, որ իշխանությունները ընդդիմությանը մեղադրում են անկարգություններ կազմակերպելու մեջ, ապա նիստերի դահլիճում միացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին ելույթներից մեկի ձայնագրությունը՝ ասելով․ «Հիմա իրական անկարգություն կազմակերպողի ձայնագրությունը լսեք»։

Նա պնդեց, որ «Սրբազան պայքարի» գործով ներկայացված գաղտնալսումները «կոնտեքստից կտրված» են, իսկ դրանց մի մասը՝ ոչ ամբողջական։ Դիմելով գլխավոր դատախազին՝ պատգամավորը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք հրապարակված ձայնագրությունները ամբողջական են և ենթարկվել են փորձաքննության, թե ոչ։

Դանիելյանի խոսքով՝ շարժումը ձևավորվել էր «հայրենիքի մի հատվածի հանձնումը կանխելու համար», իսկ հարուցված քրեական գործը ու մեղադրանքները «փուչիկ» են։ Նա նաև իշխանությանը մեղադրեց «հեռախոսային արդարադատությամբ» դատական համակարգի վրա ազդելու մեջ՝ նշելով, որ իշխանության ներկայացուցիչները նախապես քաղաքական գնահատականներ են տվել մեղադրվողներին՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ»։

Պատգամավորն անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործին՝ հայտարարելով, որ իշխանությունը 8 տարվա ընթացքում այդպես էլ չի բացահայտել այն, չնայած, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որը գործը բացահայտված է։

Ելույթի ընթացքում Դանիելյանը հիշատակեց նաև ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների ընտանիքների մասնակցությունը Արցախյան պատերազմներին՝ նշելով, որ նրանց թվում կան պատերազմի մասնակիցներ ու զոհված ազատամարտիկների հարազատներ։ Նա, մասնավորապես, խոսեց Գեղամ Մանուկյանի ընտանիքի մասին՝ նշելով, որ նրա եղբայրը գտնվում է Բաքվի բանտում, բայց իշխանությունը՝ փոխարենը նրանց ազատության մասին մտածի, Ալիևին շնորհակալություն է հայտնում։

Վերջում պատգամավորը խոսեց ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի նախկին հայտարարություններից մեկի մասին՝ կապված Արցախի եկեղեցիների ավերման թեմայի հետ՝ նրան ներկայացնելով որպես իշխանության «հավաքական պատկեր».

«Ասում է՝ եկեղեցի է էլի, քանդել քանդել են. դա է ձեր իրականությունը»: