Բացել լրահոսը Փակել լրահոսը
07․05․26
A A
Պաշտոնական

Արթուր Պողոսյանն Ազգային ժողովին է ներկայացրել Քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր, «Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովին է ներկայացրել Քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Նախքան թվային տվյալները ներկայացնելը՝ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է 2025 թվականի ընթացքում համապատասխան ոլորտներում աշխատանքների կազ­մա­կերպ­­ման և կազ­մա­­կերպ­չա­կան բնույ­­թի մի շարք խնդիրների լուծման, պատշաճ նախաքննության իրա­կա­նացման և ար­դյունավետության բարձրացման, քննիչների մաս­նա­­գիտական գի­տելիք­նե­րի ու աշխատանքային կարողությունների կա­տա­րե­­լագործման, քրեական ­վարույթները ողջամիտ ժամ­­­­կետում ավարտելու նկատառումներից ելնելով իր կողմից տրված հանձնարարականներին և հրամաններին:

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեի նախագահի թիվ 77-Լ հրամանով փոփոխություն է կատարվել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գնահատման, պարգևատրման չափորոշիչներ հաստատելու մասին հրամանում, որով քննիչների աշխատանքների գնահատման կարգում որպես առաջնահերթություն սահմանվել են դատավարական ավարտների տեսքով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև կոռուպցիոն և տնտեսական  բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթները։ 

Մյուս կարևոր ներքին իրավական ակտը կայացվել է 2025 թվականի ապրիլի 11-ին թիվ 106-Ա հանձնարարականի միջոցով, որը վերաբերում է քննիչների ամենօրյա կատարած աշխատանքների վերաբերյալ շաբաթական հաշվետվության ներկայացմանը և ամենօրյա տեղեկանքների կազմմանը, որտեղ արտացոլվում է, թե օրվա ընթացքում կոնկրետ քրեական վարույթով ինչ քննչական կամ վարութային գործողություն է կատարել քննիչը և որքան տևողությամբ, ինչը հնարավորություն է տալիս վերլուծության ենթարկելու քննիչի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և զբաղվածությունը։

 

Ավարտված քրեական վարույթների աճ

 

Ելույթի ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում քննվող, ընթացքը լուծված և դատավարական ավարտներով քրեական վարույթների աճին:

Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում քննվող քրեական վարույթներն աճել են 5.590-ով կամ 6.5%-ով (2025 թվականին քննվել է 90.931 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 85.341-ի համեմատ), ընթացքը լուծված քրեական վարույթները՝ 6.483-ով կամ 10.2%-ով (90.931 վարույթից լուծվել է 69.694-ի ընթացքը՝ նախորդ տարվա 63.211-ի համեմատ), իսկ դատավարական ավարտով քրեական վարույթները՝ 2.825-ով կամ 23.8%-ով (ավարտված 41.761 քրեական վարույթից 14.650-ը՝ 15.533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 11.825 քրեական վարույթի համեմատ՝ 12.805 անձի վերաբերյալ):

 

Քննիչների արտադրողականության աճ

 

Արտադրողականությունը կազմել է 76.6%՝ նախորդ տարվա 74.1%-ի համեմատ, այսինքն աճել է 2.5%-ով:

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ քրեական վարույթների աճին զուգահեռ աճել է նաև մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը՝ կազմելով 142 քրեական վարույթ (2024-ին՝ 132):

 

Կալանքի միջնորդությունների նվազում

 

Անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններին՝ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ թիվը նվազել է: Մասնավորապես՝ ներկայացվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 3.063 միջնորդություն (2024-ին՝ 3.095), որից 2.181-ը բավարարվել է ամբողջությամբ, 578-ը՝ մասնակի, 304-ը մերժվել է:

2025 թվականին մեղադրյալի կար­գավիճակ է ունեցել 16.294 անձ, իսկ 2024 թվականին՝ 13.262, այսինքն` 3.032-ով կամ 22.8%-ով ավելի: Խափանման միջոց կալանքը կիրառվել է մե­ղադրյալ­ների 18.7%-ի, իսկ 2024 թվականին՝ 23.3%-ի նկա­տ­մամբ, այսինքն՝ խափանման մի­ջոց կիրառելու դեպքերը նվազել են 4.6%-ով:

 

Հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերականգնումներ

 

Արթուր Պողոսյանը կարևորելով պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ Քննչական կոմիտեի կատարած հետևողական աշխատանքը՝ նշել է, որ 2025 թվականի ընթացքում վերականգնված գումարների աննախադեպ աճ է գրանցվել: Մասնավորապես՝ ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր՝ 47 մլրդ 129 մլն 552 հզր ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 8 մլրդ 41 մլն 225 հզր-ով (2024-ին՝ 39 մլրդ 118 մլն 327 հզր ՀՀ դրամ):

Բացի այդ, արգելանք է դրվել 1 մլրդ 294 մլն 194 հզր ՀՀ դրամ ընդհանուր արժողության գույքի և 11 մլրդ 696 մլն 13 հզր դրամական միջոցների վրա, ընդհանուր` 12 մլրդ 990 մլն 207 հզր դրամի չափով:

 

Զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել

 

Անդրադառնալով զինվորական ծառայության հետ կապված դեպքերին՝ Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել (2024-ին՝ 5 դեպք, 5 անձ), հակառակորդի կողմից կատարված սպանություններ նույնպես չեն արձանագրվել (2024-ին՝ 3 դեպք, 4 անձ), ինչպես նաև չեն արձանագրվել ծառայության հետ կապված տրանսպորտային կամ մարտական միջոցներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 2 դեպք, 5 մահացած անձ) և ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 1 դեպք, 2 մահացած անձ):

 

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

 

2025 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերա­բեր­­յալ քննվել է 643 քրեական վարույթ (2024-ին՝ 1.215), որից 55-ը՝ 145 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 62 վարույթ՝ 134 անձի վերաբերյալ), 105-ը կարճ­վել է (2024-ին՝ 245), 193 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, այդ թվում՝ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներ (2024-ին՝ 295), 53-ը` միացվել է (2024-ին՝ 147), 57-ը  հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 55), 180-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 471):

 

Արթուր Պողոսյանը կարևորելով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ տարվող հետևողական մոտեցումը՝ ընդգծել է, որ այդ նպատակով քննիչների կողմից ներկայացվել է 744 միջնորդագիր, իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ նախա­ձեռնված քրեական վարույթներով խնամակալության և հոգա­բար­ձութ­յան մարմին­ներին, ուսում­­նական հաստատություններին, տեղական ինքնա­կա­ռա­վար­ման մարմին­ներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներին ուղարկվել է 62 միջնորդագիր:

 

 

ՀՀ քննչական կոմիտե