Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x53wh-1280x746z-0.6141
A A
Պաշտոնական

ՄԻՊ-ն ու ՀԾԿՀ-n քննարկել են ջրամատակարարման և էներգամատակարարման ոլորտի խնդիրները

Մայիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
 
Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ջրամատակարարման և էներգամատակարարման ոլորտներում առկա համակարգային խնդիրները։
 
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Հանձնաժողովի միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ հանրային ծառայությունների ոլորտն անմիջական ազդեցություն ունի յուրաքանչյուր քաղաքացու առօրյա կյանքի և հիմնարար իրավունքների իրացման վրա։
 
Պաշտպանը նշել է, որ ոլորտին առնչվող խնդիրները հաճախ բարձրաձայնվում են նաև իր մարզային այցերի ընթացքում, ուստի քաղաքացիների մտահոգությունները պետք է պատշաճ հասցեագրվեն, իսկ առկա խնդիրները ստանան արդյունավետ լուծումներ։
 
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ անվտանգ և անխափան ջրամատակարարումն ու էներգամատակարարումը մարդու արժանապատիվ կենսապայմանների ապահովման կարևոր բաղադրիչներ են, իսկ պետությունն ունի պարտավորություն վարելու արդյունավետ և երկարաժամկետ ենթակառուցվածքային քաղաքականություն։ Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է, որ ոլորտի կարգավորումները պետք է համահունչ լինեն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին։
 
Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ոլորտում առկա համակարգային խնդիրների կանխարգելման և դրանց լուծման հնարավոր գործիքակազմերի վերաբերյալ, անդրադարձել սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև քաղաքացիների հետ առավել արդյունավետ հաղորդակցության ապահովման կարևորությանը։
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրային ծառայությունների ոլորտում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը և նպաստել ոլորտային բարեփոխումների իրականացմանը։