Հունիսի 7-ին և հաջորդող օրերին ՔԿ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։
Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում ընդգծել է Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն փուլում դիտորդական առաքելության անգնահատելի ներդրումը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացների վերաբերյալ հանցագործությունների կապակցությամբ Քննչական կոմիտեի կողմից իրականացվող լիազորություններին։
Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի լիազորություններն առավել պատշաճ կազմակերպելու նպատակով իր հրամանի համաձայն ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, որի նպատակն է ընտրական գործընթացին առնչվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման, ապա քրեական վարույթներով նախաքննության իրականացման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը։
Արթուր Պողոսյանը նաև նշել է, որ նախընտրական փուլում, ընտրության օրը և դրան հաջորդող օրերին Քննչական կոմիտեն իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ ողջ անձնակազմով։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել տեղեկատվության շարունակական փոխանակումը և վստահեցրել, որ համագործակցությունը կունենա շարունակական բնույթ։