Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինՀունահռոմեական ոճի ըմբիշ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նազարյանը, որն առաջնության ընթացքում ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին, եզրափակչում 4։0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Բասիլիայի նկատմամբ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում 3:5 հաշվով զիջելով Լեհաստանի ներկայացուցիչ Տամաշ Միլատին: Հայաստանի թիմից պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Վազգեն Վարդանյանը (45 կգ): Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 6:1 հաշվով հաղթել է վրացի Լուկա Բոլկվաձեին:
Ավելի վաղ հունահռոմեականների կազմում չեմպիոնի կոչմանն արժանացել էր 80 կգ քաշային Վահե Հովեյանը: Եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ առավելության էր հասել հունգարացի Դոմինիկ Շիլագյիի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 65 կգ քաշային Զավեն Մեժլումյանը դարձել էր արծաթե մեդալակիր: Բրոնզե մեդալներ էին նվաճել Արարատ Ավետիսյանն (48 կգ) ու Գեղամ Եղիազարյանը (55 կգ):
Հայաստանի Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբիշները Եվրոպայի առաջնության թիմային պայքարում զբաղեցրել են 2-րդ տեղը:
Աղջիկների պայքարում այսօր հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ Արիանա Մարտիրոսյանը (46 կգ): Մեկնարկում նա գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցչի հետ, սակայն զիջել է մրցակցին:
Մայիսի 15-ից պայքարի դուրս կգան ազատ ոճայինները: Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ մրցագորգ դուրս կգան Էրիկ Ղազարյանը (45 կգ), Գեղամ Հովսեփյանը (48 կգ), Արեն Փիրուզյանը (51 կգ), Սուրեն Իշխանյանը (55 կգ), Տիգրան Կոլոտյանը (60 կգ), Ռազմիկ Ոսկանյանը (65 կգ), Ավետիք Թութխալյանը (71 կգ), Եղիշե Մոսեսյանը (80 կգ), Արթուր Մկրտչյանը (92 կգ), Վռամ Սահակյանը (110 կգ):