Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000117238
A A
Քաղաքականություն

Վճռաբեկ դատարանը մերժել է Գլխավոր դատախազին եւ պաշտպանին

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոքը 70-ամյա Տիգրան Դերմոյանի գործով: Նա մեղադրվում է 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի հասցեին «դավաճան», «հողատու» վանկարկումներ հնչեցնելու համար՝ նրա կնոջ Աննա Հակոբյանի ներկայությամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը Տիգրան Դերմոյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել տուգանքի՝ 350.000 դրամի չափով: Իսկ ահա Վերաքննիչ դատարանը որոշել էր սահմանել տուգանք՝ 300 հազար դրամի չափով։ Վճռաբեկ բողոք ներկայացրել էր ոչ միայն մեղադրող, այլ նաեւ պաշտպանական կողմը։

Պաշտպանական կողմը պահանջում էր արդարացնել Տիգրան Դերմոյանին, քանի որ մեղադրանքը չէր ապացուցվել: Իսկ մեղադրող կողմը Վճռաբեկ դատարանից պահանջում էր համաչափ պատիժ կամ նոր քննություն:

  Տիգրան Դերմոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Տիգրան Դերմոյանն այդ գումարը վճարելու է իր ամենամսյա թոշակից, քանի որ եկամտի այլ աղբյուր չունի։ «Ապօրինի դատական ակտի հաստատմանն է ուղղելու այդ միջոցները»,- եզրափակեց պաշտպանը։