Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում կփոխվեն աշխատաշուկայի և էներգետիկ պայմանները․ Պուտին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու տնտեսական հետևանքների վերաբերյալ իր գնահատականները։

Նրա խոսքով՝ նման որոշման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել երկու երկրների միջև տնտեսական ոլորտում իրականացվող ինտեգրացիոն գործընթացների ամբողջ աշխատանքը։

Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատելու համար ստիպված կլինեն ստանալ աշխատանքային արտոնագիր։

Բացի այդ, նա համեմատել է արտաքին ներդրումային առաջարկները՝ ընդգծելով, որ Եվրոպան խոստանում է ներդնել Հայաստանում 2,5 միլիարդ եվրո, մինչդեռ Ռուսաստանն արդեն զգալի ներդրումներ է կատարել հայկական տնտեսության մեջ։

Էներգետիկ ոլորտի մասով ընդգծվել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է բախվել Ռուսաստանից մատակարարվող էներգակիրների գների բարձրացման հետ, ինչը կարող է երկրի համար տնտեսական զգալի ազդեցություն ունենալ։

Պուտինի գնահատմամբ՝ այդ հնարավոր թանկացումը կարող է կազմել Հայաստանի ՀՆԱ-ի մոտավորապես 14%-ը։

Նա նշել է նաև, որ Հայաստանը պետք է հաշվի առնի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման շուկաների հարցը ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի խզման դեպքում։

«Ռուս և հայ ժողովուրդները դարեր շարունակ կապված են բարեկամության և հատուկ հարաբերություններով։ Այն, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է և լավ է Ռուսաստանի համար»,- ասել է նա։

Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ նախքան ԵՄ-ին Երևանի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելը, ամեն ինչ պետք է հաշվարկվի, քննարկվի և որոշում կայացվի։

«Ամեն ինչ պետք է հաշվել և ուշադիր նայել: Ուկրաինայի ճգնաժամը ժամանակին սկսվել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու փորձից հետո։ Ուստի խնդրում ենք հայ բարեկամներին օր առաջ հանրաքվե անցկացնել՝ Հայաստանը պետք է լինի ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում»,- ասել է նա։