Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մարուքյանը կասկածներ ունի․ «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ազգային ժողովի մոտ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավն ամփոփեց Ազգային ժողովի շենքի հարակից տարածքում։

Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անհանգստացած էր այսօր առավոտյան տեղի ունեցող ձերբակալություններով։  Դրանք, նրա խոսքով, կարող են լինել որևէ ընտրական ուժի ընտրապայքարից հեռացվելու առաջին քայլը։

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝  քաղաքական ուժերի առաջին համարների  բանավեճի ժամանակ հնչեցրած հայտարարություններից մեկը՝  քաղաքական ուժերի ընտրապայքարից դուրս մղելու հնարավորության մասին։

«Չի բացառվում, որ այսօր ինչ-որ քաղաքական ուժի կամ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից որևէ քաղաքական ուժի նկատմամբ գործընթաց սկսվի՝ նրան ընտրապայքարից հեռացնելու նպատակով»,- ասաց նա։

Մարուքյանի գնահատմամբ՝ իշխանությունների նպատակը կարող է լինել ընտրական մասնակցության նվազեցումը, հասարակության մեջ հիասթափության մթնոլորտ ստեղծելը և ընտրություններին մասնակցող ընտրազանգվածի հարաբերակցությունը փոխելը․

«Մեր շնորհիվ ընտրական մասնակցությունը շատ բարձր է։ Հիմա ինչ են ուզում անել. ուզում են դեպրեսիա մտցնել ժողովրդի մեջ, որ իրենց մոբիլիզացված ընտրողով գնան ընտրության ու հաղթեն»:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հունիսի 7-ի ընտրություններով կորոշվի, թե ովքեր են զբաղեցնելու խորհրդարանի աթոռները։

Մարուքյանը քաղաքացիներին կոչ արեց մասնակցել ընտրություններին՝ նշելով, որ նրանց ձեռքում է այնպիսի խորհրդարան ձևավորելու հնարավորությունը, որը, իր խոսքով, կծառայի ոչ թե «կորպորատիվ շահերին», այլ Հայաստանի քաղաքացիների շահերին։

« Հունիսի 7-ին  որոշվելու է՝ այս շենքում լինելու են մարդիկ, որոնք պարզապես բառերի կույտ են արտաբերում, նոր են սովորում իրենց դասերը կամ զբաղված են հանցագործությունների մասին հաղորդումներ ներկայացնելով, թե մարդիկ, որոնք ունեն ծրագիր, գաղափար և պատրաստ են դրանք իրականացնել»,- ասաց նա։

Մանրամասները՝  տեսանյութում