Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան (տեսանյութ)

Ընտրություններն անցել են արդար և թափանցիկ: ԿԸՀ-ն արձանագրել է ընտրության վերջնական արդյունքները: Դրանից հետո բոլոր կողմերը՝ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ անկախ դիտորդական կազմակերպությունները, իրավունք ունեն համապատասխան իրավական գործընթացներն անել բողոքարկելու տեսանկյունից: Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: 

Նրա խոսքով՝ դրա համար կա Սահմանադրական դատարան, և բոլորն ազատ են դիմելու ՍԴ:

«Իմ քաղաքական մեկնաբանությունն այն մասին է, որ ես չեմ տեսնում որևէ հիմք ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ պետք է լինի ընտրակաշառք բաժանած ուժերի ճակատագիրը, պատասխանեց՝ դրա վերաբերյալ արդեն կան քննարկումներ:

«Պարզ է, որ այն մարդիկ, որոնք այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեն, իրենք իրենց գրպանի փողը չեն բաժանել, իրար մեջ չեն բաժանել այդ փողերը, պարզ է, որ պետք է գնանք և հասնենք գլուխներին: Այստեղ գործել է հանցավոր սխեմա, որն ամբողջ Հայաստանի տարածքով են փորձել գործարկել, ինչի արդյունքում էլ ստացել են այսքան ձայն: Ես ցավում եմ սրա համար, որ ՀՀ քաղաքացիները ընտրակաշառքի բերումով  և այլ հանցավոր ներգործությունների բերումով գնացել են տեղամասեր և իրենց քվեն տվել են պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներին»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ բոլորը պետք է պատասխան տան օրենքի առաջ:

«Խոսքը չի կարող վերաբերել միայն այն մարդկանց, որոնք, այսպես ասած, գործի վրա բռնվել են: Պետք է ավելի խոր քննություն իրականացվի, հանցավոր սխեման ամբողջությամբ պարզվի, և բացահայտվեն պատվիրատուները՝ գլուխները, ում գրպանից այդ փողերը գնացել են այդ տասովշչիկներին, որոնք արդեն հողի վրա իրականացրել են այդ հանցավոր գործունեությունը»,- ընդգծեց պատգամավորը:

Հովհաննիսյանը պարզաբանեց՝ «գլուխներ» ասելով կասկածներ ունի, որ դրանք տանում են դեպի պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարները: