Ընդդիմադիրները ենթարկվում են կատաղի ճնշումների․ Արման Աբովյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առավոտյան ժամը 07:00-ից իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի տանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանի խոսքով՝ այն, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, իսկ նույն օրը սկսվել են խուզարկությունները, իր համար «տրամաբանական կապ» ունեն։
«Այսօր Հայաստանում ընդդիմադիրները ենթարկվում են կատաղի ճնշումների, և ամենակոշտ ճնշմանն է ենթարկվում Գագիկ Ծառուկյանը։ Սա ֆաշիզմի գլխավոր դրսևորումներից մեկն է»,- ասել է նա։
Աբովյանի համոզմամբ՝ իշխանությունները չեն ընդունում, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը մերժել է իրենց։ Նրա գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունների նպատակը պայմանական ընդդիմության ոչնչացումն է։
Խոսելով հասարակության արձագանքի մասին՝ նա նշել է, որ տեղի ունեցողը վերաբերում է նաև բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ են գործող իշխանությանը, և հասարակությունը պետք է արձագանքի։
Աբովյանի խոսքով՝ այս օրը սպասելի էր, սակայն իր համար անհասկանալի է, թե ինչ է արել Գագիկ Ծառուկյանը։ «Առավոտյան ժամը 07:00-ից եկել են, քիչ է մնում՝ ուղղաթիռներով գան»,- ասել է նա։
Նա նաև պնդել է, որ Հայաստանում Սահմանադրությունը չի գործում։
«Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ էության, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը հրաժարվեց պաշտպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- նշել է Աբովյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա ասել է. «Հաղթած մարդն այսպես չի վարվում։ Կամ ո՞ւմ է նա հաղթել՝ ժողովրդի՞ն»։
Աբովյանն ընդգծել է, որ խնդիրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ազգային ժողով մտնելը չէ։
«Խնդիրը Հայաստանի տնտեսական և քաղաքական համակարգի անվտանգությունն է։ Այն, ինչ հիմա կատարվում է, մեր գնահատմամբ, նախապատրաստություն է այն գործընթացներին, որոնք հրահանգավորվում են Բաքվից և Անկարայից»,- եզրափակել է նա։