Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չգիտեի, որ իմ լռությունից էլ եք վախենում․ Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը Արամ Վարդևանյանի՝ Ազգային ժողովում ԱԺ նախագահի տեղակալի թեկնածության վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստանը» ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությունն առաջադրել է՝ բացառապես առաջնորդվելով ԱԺ կանոնակարգի և Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանության պահանջներով։

Նրա խոսքով՝ այդ պահանջներով ԱԺ պաշտոններում թեկնածուների առաջադրումները խմբակցությունների ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը։

«Միակ պաշտոնը, որտեղ որևէ փոփոխություն կամ նշանակում ինձ կարող է հետաքրքրել, ՀՀ վարչապետի պաշտոնն է»,- հայտարարեց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ իրենց ցանկացած գործողություն և քայլ ուղղված է այն նպատակին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը։

«Մենք վստահ ենք, որ ոչ հեռու ապագայում մեր աշխատանքը կբերի այդ պաշտոնի փոփոխությանը»,- ասաց Ղազարյանը։

Անդրադառնալով ԱԺ նախագահի և փոխնախագահների պաշտոններին՝ նա նշեց, որ այդ պաշտոնները նախատեսված են հանրային ծառայություն իրականացնելու՝ նիստեր հրավիրելու, նիստերը նախագահելու և այլ գործառույթներ իրականացնելու համար։

Ղազարյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք այդ պաշտոնները զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակում անհրաժեշտ որակով են հանրային ծառայություններ մատուցում։

Նա նաև հայտարարեց, որ ութերորդ գումարման Ազգային ժողովը հանրային իշխանության մարմինների համակարգում ունեցել է ամենացածր վստահությունն ու վարկանիշը, ինչը, ըստ նրա, հենց այդ հանրային ծառայությունների ցածր որակի հետևանք է։

Ելույթի ընթացքում Էդգար Ղազարյանը անդրադարձավ նախորդ ելույթներից մեկի ընթացքում իր և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Նա նշեց, որ Ռուբինյանն իրեն ձայնից զրկել է որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իր լռությունից էլ են վախենում։

«Չգիտեի, որ իմ լռությունից էլ եք վախենում»,- ասաց Ղազարյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։

Ղազարյանը խոսեց նաև ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնի մասին և դրական գնահատեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը՝ նշելով, որ նրա՝ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու դեպքում խորհրդարանը որակական առումով շահեկան վիճակում կհայտնվի։

Նրա խոսքով՝ Վարդևանյանի հարուստ գիտելիքներն ու փորձը կարող են նպաստել Ազգային ժողովի խորհրդի աշխատանքին և դրական փոփոխություններ բերել։

«Նրա հարուստ գիտելիքի ու փորձառության ներկայացվածությունը Ազգային ժողովի խորհրդում կնպաստի այդ խորհրդի աշխատանքներին բացառապես դրական առումով»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը։