Լատվիայի պատվո հյուպատոսության համարներ են, հյուպատոսն իմ ընկերն է, քաշվավ էդ տղեն. Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏարածքային կառավարման և շրջակա միջավայրի ոլորտը համակարգող մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը քննարկելու ժամանակ նրան մի շարք հարցեր ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանը։
Վերջինս, նախ անդրադառնալով Ղազինյանի՝ ՀԷՑ-ում ունեցած նախկին աշխատանքային գործունեությանը, ընդգծեց, որ թեկնածուն իր ելույթում հայտարարել էր՝ ՀԷՑ-ի մասին խոսելու անհրաժեշտություն չի տեսնում։ ՔՊ-ական պատգամավորը, սակայն, հակադարձեց, որ հենց ՀԷՑ-ի հետ կապված հարցերի մասին պետք է առավել մանրամասն խոսել, քանի որ Ղազինյանը նախկինում աշխատել է ընկերությունում՝ տնօրենի տեղակալի պաշտոնում և որոշ ժամանակ կատարել է նաև տնօրենի պարտականությունները։
«Պարոն Ղազինյան, դուք պետք է խոսեք միայն ՀԷՑ-ից։ Դուք ուրիշ բանից չեք կարող խոսել, որովհետև դուք ՀԷՑ-ում եղել եք տնօրենի տեղակալ իրացման գծով և եղել եք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»։
Խաչատրյանի հիմնական հարցերից մեկը վերաբերում էր ՀԷՑ-ի սպասարկման կենտրոններին։ Նա նշեց, որ Տաշիր առևտրի կենտրոնում և «Ռիո Մոլում» գործող սպասարկման կետերի պայմանագրերը հետագայում դադարեցվել են, իսկ դրանց փոխարեն, ըստ նրա, գտնվել են այլ տարածքներ՝ մի դեպքում անհատույց, մյուս դեպքում՝ ավելի ցածր վարձավճարով։ Պատգամավորը Ղազինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ էր պայմանավորված նախկինում հենց այդ տարածքների ընտրությունը։
Ղազինյանը պատասխանելիս շեշտեց, որ պատրաստ է պատասխանել ՀԷՑ-ին վերաբերող բոլոր հարցերին՝ անկախ նրանից, թե դրանք ով և ինչ ձևաչափով է ուղղում։ Նրա խոսքով՝ խնդիր չի տեսնում նաև հարցերը քննարկելու առանց տեսախցիկների։
«Հիմա ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ Ձեզ ոչ թե հարցերն են հետաքրքրում, այլ դրանք այստեղ հնչեցնելը։ Եթե ոչ, դե ուրեմն կարելի է տեսնել, խոսել, զրուցել»։
Միևնույն ժամանակ, նա չհամաձայնեց այն գնահատականի հետ, թե իր պատասխանները կարող են հարցերը «լղոզելու» տպավորություն ստեղծել։ Ղազինյանը պնդեց, որ նման գործելաոճ իրեն բնորոշ չէ և նշեց, որ եթե Խաչատրյանը ավելի լավ ճանաչեր իրեն կամ հետաքրքրվեր իր աշխատանքով, դա կհասկանար։
ՀԷՑ-ի սպասարկման կենտրոնների վերաբերյալ պատասխանելիս Ղազինյանը բերեց «Ռիո Մոլի» օրինակը։ Նրա խոսքով՝ այնտեղ օրական մեծ թվով քաղաքացիներ են այցելում, ուստի նման վայրում սպասարկման կետ ունենալը քաղաքացիների համար հարմարության տեսանկյունից տրամաբանական որոշում էր։
Նա նաև խոսեց ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետության մասին՝ նշելով, որ կորուստների մակարդակը նախկինում եղած ավելի քան 13-14 տոկոսից հասցվել է շուրջ 6,3 տոկոսի։ Ղազինյանը շեշտեց, որ կորուստների յուրաքանչյուր տոկոսային կետի նվազումը ընկերության համար նշանակում է միլիոնավոր դոլարների տարբերություն, և այդ համատեքստում առանձին տարածքի վարձակալության հարցը պետք է դիտարկել ընդհանուր կառավարման արդյունավետության շրջանակում։
Խաչատրյանը, սակայն, պատասխանները բավարար չհամարեց։ Նա հայտարարեց, որ ՀԷՑ-ի սպասարկման կենտրոնների վերաբերյալ հարցերին դեռ անդրադառնալու են՝ անհրաժեշտության դեպքում ինչպես տեսախցիկների առջև, այնպես էլ առանց դրանց։ Պատգամավորը շեշտեց, որ խոսքը քաղաքացիների վճարած հարկերի և նրանց համար նույնիսկ փոքր թվացող գումարների մասին է։
Քննարկման հաջորդ առարկան դարձավ Ղազինյանի օգտագործած Range Rover-ը։
ՔՊ-ական պատգամավորը պնդեց, որ մեքենան Երևանում շրջել է կարմիր պետհամարանիշներով, որոնք, իր ունեցած տեղեկություններով, կապված են եղել Ռուսաստանի դեսպանատան հետ։ Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչ պայմաններով և ինչ նպատակով էին այդ համարները տրամադրվել։
Հարցը նա ներկայացրեց նաև քաղաքական ենթատեքստով՝ նկատելով, որ «Հայաստանի եվրաինտեգրման ուղեգիծն ընտրած» քաղաքական ուժի համար կարևոր է հասկանալ ընդդիմադիր պատգամավորի մեքենայի պետհամարանիշների և Ռուսաստանի դեսպանության միջև կապը։
Ղազինյանը, սակայն, անմիջապես հերքեց Ռուսաստանի դեսպանատան հետ կապված լինելու պնդումը։
Նրա ներկայացմամբ՝ մեքենայի համարները ոչ թե Ռուսաստանի Դաշնության, այլ Լատվիայի պատվո հյուպատոսության համարներ էին։ Նա նաև շեշտեց, որ Range Rover-ը իր սեփականությունը չի եղել։
Ղազինյանը պարզաբանեց, որ մեքենան պատկանել է Լատվիայի պատվո հյուպատոսին, որին ինքը անձամբ ճանաչում է։ Նրա խոսքով՝ մեքենան իրեն տրամադրվել էր ընկերական հարաբերությունների շրջանակում։
«Լատվիայի պատվո հյուպատոսության համարներ են, հյուպատոսն էլ իմ ընկերն է, քաշվավ էդ տղեն»։
Այս պարզաբանումը դահլիճում ուղեկցվեց ծափահարություններով և ծիծաղով։