Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԵԱՏՄ ղեկավարների հայտարարությունն ընկալել եմ ոչ թե որպես պահանջ, այլ՝ բարեկամական ժեստ․ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակելու է հիմնված լինել հավասարակշռված և հավասարակշռման քաղաքականության վրա․ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում արտաքին քաղաքականության վերաբերյալ դրույթներին։

Լրագրողը Փաշինյանին հարցրեց, թե ինչպես է դրսևորվում այդ քաղաքականությունը, երբ, մի կողմից, Ռուսաստանից հնչում են Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի անցկացման վերաբերյալ հայտարարություններ, իսկ մյուս կողմից՝ խոսվում է ՀԱՊԿ-ի հետ կապված որոշումների մասին։

Փաշինյանը, սակայն, Ռուսաստանի կողմից հնչող հայտարարությունները «պահանջ» չի համարում։ «Դուք ասացիք՝ պահանջ։ Որտե՞ղ է արձանագրված այդ պահանջը»,- հարցրեց վարչապետը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ արձանագրված է, որ նրանք պաշտպանում են հանրաքվե անցկացնելու գաղափարը։

«Այդ հանրաքվե անելու գաղափարը իրականում մեզ է պատկանել, որովհետև մենք ենք ասել, որ մի ինչ-որ փուլում պետք է հանրաքվե լինի»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց նաև, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն իրենց պատկերացումներն են ներկայացրել ժամկետների վերաբերյալ, մինչդեռ Հայաստանի իշխանություններն ունեն իրենց պատկերացումները։

«Այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ։ Ես, ընդհակառակը, ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետև մարդիկ ասում են, որ աջակցում են, կիսում են այդ տեսակետը և, ըստ էության, չեն ընդդիմանում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհուպ մինչև Եվրամիությանը անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունն էլ հենց դրանում է արտահայտվում։ «Մենք, մի դեպքում, Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք մեր օրակարգում ունենք այդ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցը։ Մյուս կողմից՝ օրինակ՝ վերջին տարիներին մենք ռազմավարական համագործակցություն ենք ստեղծել Միացյալ Նահանգների հետ, Վրաստանի հետ, Չինաստանի հետ, Ֆրանսիայի հետ, Նիդերլանդների հետ և էլի Ղազախստանի հետ»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ նախկինում Հայաստանը հիմնականում մեկ ուղղությամբ էր ռազմավարական համագործակցություն զարգացնում, մինչդեռ այժմ այդպիսի համագործակցություն ունի բազմաթիվ ուղղություններով։

«Նախկինում ռազմատեխնիկական ոլորտի մեր համագործակցության 85-90 տոկոսը մի ուղղությամբ էր, հիմա մենք տասնյակ ուղղություններով ռազմատեխնիկական համագործակցություն ունենք»,- ասաց նա։ Վարչապետը նշեց, որ դրա արտահայտություններից մեկը եղել է մայիսի 28-ի զորահանդեսը, որի ընթացքում ցուցադրվել է տարբեր երկրների արտադրության սպառազինություն և տեխնիկա։

Նրա խոսքով՝ եթե նախկինում անցկացված զորահանդեսների տեսագրությունները համեմատել ներկայիս պատկերի հետ, տարբերությունը տեսանելի կլինի։

«Այնտեղ, որտեղ արտաքին քաղաքականության հավասարակշռումը արտահայտել է, հասցրել է արտահայտվի, մենք ակնհայտ հաջողություններ ունենք, այնտեղ, որտեղ ոչ՝ ակնհայտ է այդ հավասարակշռումը չիրականացնելու հետևանքները»,- եզրափակեց իր խոսքը վարչապետը։ Հիշեցնենք՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը օգոստոսի 11-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է մինչև 2026 թվականի դեկտեմբերը կողմնորոշվի՝ Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու հարցում։ Իսկ դրանից առաջ՝ օգոստոսի 7-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեն հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանն անդամակցելու համար։

Նա ասել էր՝ այս պահին հանրաքվեի թեմա սեղանին չկա։