Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էսքան փորձանք ա բերել էս երկրի գլխին, թող հրաժարվի քաղաքացիությունից․ Կարապետյան (տեսանյութ)

Հակակոռուպցիոն դատարանում  շարունակվում է «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի քրեական գործի քննությունը։ Դատական իշխանության պաշտոնական տեղեկության համաձայն՝ նիստը նշանակված էր ժամը 12։30-ին։

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Սամվել Կարապետյանն անդրադարձավ նաև քաղաքական օրակարգին։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի «Չորրորդ Հանրապետություն» մտնելու մասին հայտարարությանը՝ Կարապետյանը հեգնական արձագանք տվեց՝ նշելով, որ Փաշինյանը, իր կարծիքով, կարող է հասնել անգամ «10-րդ Հանրապետությանը»։

Նրա խոսքով՝ տարածքային կորուստների և հողերի հանձնման պայմաններում հանրապետությունների համարները հերթով փոխվելու են։

Կարապետյանը նաև անդրադարձավ իշխանափոխության իր թիմի հայտարարած «գաղտնի պլանին»։

Հարցին, թե արդյոք շարունակում են ունենալ Փաշինյանին հեռացնելու գաղտնի ծրագիր, նա պատասխանեց, որ գաղտնի ծրագրեր ունեն բոլորը, այդ թվում՝ Փաշինյանն «իրեն հեռացնելու»։ Կարապետյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժի ծրագրերի արդյունքները շուտով տեսանելի կլինեն։

«Գաղտնի պլանի» մասին Կարապետյանը նախկինում ևս խոսել է։ Հուլիսի 9-ին նա հայտարարել էր, որ իրենց ծրագիրը երկարաժամկետ է, և դրա քայլերը փուլ առ փուլ են ներկայացվելու։

Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Կարապետյանը հայտարարեց, որ իշխանությունը, իր գնահատմամբ, արտաքին թելադրանքով փորձում է անել ամեն ինչ, որպեսզի Սփյուռքը չմասնակցի Հայաստանի քաղաքական կյանքին։

Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործին՝ Կարապետյանն այն որակեց որպես «համաշխարհային ամոթ» և «ազգի ամոթ»։ Նրա խոսքով՝ Վեհափառի նկատմամբ իրականացվող գործընթացը Նիկոլ Փաշինյանի՝ ինքն իրեն քաղաքականապես հեռացնելու քայլերից մեկն է։

Խոսելով «Ուժեղ Հայաստան»-ի աշխատանքի մասին՝ Կարապետյանը բարձր գնահատեց իր թիմի աշխատանքը Ազգային ժողովի 9-րդ գումարման կազմում։ Նա դրական արտահայտվեց նաև քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի մասին՝ նրան բնութագրելով որպես տաղանդավոր քաղաքական գործիչ։

ԱԺ-ի ընդհանուր աշխատանքը Կարապետյանը ևս դրական գնահատեց՝ անվանելով քաղաքակիրթ։ Նա միաժամանակ նշեց, որ խորհրդարանում պայքարը սուր է լինելու, սակայն՝ կանոնների շրջանակում։

Լրագրողները Կարապետյանին հարցրին նաև Ռուսաստանի կողմից իր թիմին աջակցության հնարավորության մասին։

«Ես հարգանք ունեմ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում», - պատասխանեց Կարապետյանը։

Եզրափակիչ հարցերը Կարապետյանի՝ մյուս երկրների քաղաքացիություններից հրաժարվելու և 26 միլիոն դոլար հայտարարագրելու մասին էին։ «Բա Փաշինյանից ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչու Հայաստանի քաղաքացիությունը չի հրաժարվում: Էսքան փորձանք ա բերել էս երկրի գլխին, թող հրաժարվի քաղաքացիությունից»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է հայտարարագրին, ապա․ «Ես ունեմ մասնագետներ, որոնք դրանով զբաղվում են»։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար, ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել նաև փողերի լվացման հոդվածով։ Կարապետյանը 2025 թվականի հունիսի 19-ին երկու ամսով կալանավորվել էր։ 2026 թվականի հունվարին նրա խափանման միջոցը փոխվել էր, նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք, որը  երկարաձգվել էր ևս երեք ամսով 2026 թվականի ապրիլին։