Ով է ասում, որ Գագիկ Ծառուկյանն այսքան ժամանակ պետք է լիներ ազատության մեջ. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄամուլի ասուլիսում լրագորղներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչ երաշխիք կա, որ այժմ պետական համակարգում պաշտոնների նշանակվող նոր կադրերը որոշ ժամանակ անց չեն հեռանա, ինչպես, ըստ լրագրողի, տեղի է ունեցել 2018 թվականից հետո իշխանության բերած որոշ նոր կադրերի դեպքում։
Լրագրողը, մասնավորապես, հիշատակեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանին։
«2018-ից այդ նոր կադրերից կա՞ն մարդիկ, որ մինչև այսօր աշխատում են ձեր թիմի հետ»,- ասաց լրագրողը։
Փաշինյանը օրինակ բերեց Սուրեն Թովմասյանին։
«Այո, կա այդպիսի մարդ, օրինակ՝ Սուրեն Թովմասյանը, որը 2018 կամ 2019 թվականից Կադաստրի կոմիտեի ղեկավարն է»,- ասաց վարչապետը։
Լրագրողը Փաշինյանին հարցրեց նաև դատական համակարգի մասին՝ հիշեցնելով վարչապետի նախկին հայտարարությունները, որոնցում նա դժգոհություն էր հայտնել դատական համակարգից և այն բնութագրել որպես կոռումպացված։
Լրագրողը հարցրեց, թե եթե իշխանությունը դժգոհ է դատական համակարգից, ապա ինչպես է ստացվել, որ մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կալանավորումներ են տեղի ունեցել։
Փաշինյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի օրինակին, հակադարձեց՝ ասելով, որ ինքը խնդիր է տեսնում ոչ թե նրա ազատությունից զրկվելու, այլ երկար ժամանակ ազատության մեջ մնալու հանգամանքի մեջ։
«Իսկ ո՞վ է ասել ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ այս 8 տարում նա եղել է ազատության մեջ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ խնդիրը նաև այն է, որ որոշ անձանց՝ երկար տարիներ ազատության մեջ մնալու համար պատասխանատվությունը հասարակության կողմից վերագրվում է իրեն։
«Շատ դեպքերում ես հրապարակային ասել եմ՝ մեր դատաիրավական համակարգը շատ դեպքերում և շատ հաճախ, այսպես ասած, վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դրա պատճառը նաև սահմանադրական կարգավորումներն են։
«Հենց այդպես էլ նախագծված է համակարգը, որ ինքը ոչ թե ծառայի ժողովրդին, այլ ծառայի վերնախավին»։
Նա նշեց, որ դատաիրավական համակարգի բարեփոխման ուղղությամբ իշխանությունը մեծ ջանքեր է գործադրել, սակայն արդյունքները, իր գնահատմամբ, բավարար չեն։
Փաշինյանը հայտարարեց, որ խնդիրը, իր կարծիքով, ֆունդամենտալ է և առանց սահմանադրական փոփոխությունների, այդ թվում՝ նոր Սահմանադրության ընդունման, հնարավոր չէ լուծել։
«Առաջիկայում այդ թեմային ավելի մանրամասն կանդրադառնամ»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը անդրադարձավ նաև Վարդաշենի բնակիչների բողոքին։ Նա նշեց, որ բնակիչները դժգոհում են իրենց առաջարկվող մոտ 7 մլն դրամ փոխհատուցումից և հարցնում՝ ինչպես կարող են այդ գումարով տուն ձեռք բերել, հատկապես եթե տարիներ շարունակ ապրել են Երևանում։
«Եկեք արձանագրենք, որ մեր կողմից հարգելի քաղաքացիների նկատմամբ պետությունը ոչ մի պարտավորություն չունի»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ չկա ընդհանուր կարգավորում, ըստ որի՝ պետությունը բնակարան չունեցող քաղաքացիներին գումար է տրամադրում տուն ձեռք բերելու համար։
«Մարդկանց բողոքները լսում ենք, օգնում ենք։ Հետո պարզվում է, որ քիչ ենք օգնում, հետո կրկնապատկում ենք, հետո ասում են՝ էլի քիչ է, հետո եռապատկում ենք»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ Վարդաշենի բնակիչների կոնկրետ իրավիճակի մանրամասներին ծանոթ չէ և իր պատասխանը տալիս է որպես ընդհանուր դիրքորոշում։
«Կոնկրետ իրադրությունը, քանի որ մանրամասներով չգիտեմ, ես սա որպես շրջանակային պատասխան եմ ասում»,- նշեց Փաշինյանը։