Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը
Աջակցիր «Ա1+»-ինԱթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով լայնածավալ միջազգային ցուցահանդեսը, որը կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության միջազգային ներկայացման և հայ-հունական մշակութային երկխոսության խորացման տեսանկյունից։
Ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ավելի քան 170 բացառիկ ցուցանմուշներ, որոնք համադրվել են Հունաստանի և Կիպրոսի տարբեր թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշներով։
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ՝ Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի համագործակցությամբ։
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսը։