Եթե հարկերը չմուծեն, կդատվեն (տեսանյութ)
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համոզված է, որ Հայաստանում կա տնտեսական աճ, իսկ 2012 թվականին ընդամենը կլինի այդ աճի շարունակությունը: Այսօր ԱԺ-ում շարունակվում էին պետբյուջեի քննարկումները։
Իսկ ահա Ֆինանսների նախարարությունը 2012-ին պլանավորել է 910 մլրդ եկամուտների հավաքագրում, որից 732 մլրդ-ը կլինեն հարկային եկամուտները:
Եթե Պետական եկամուտի կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը մինչ օրս հայտարարում էր, թե 2012-ին հնարավոր չէ հարկերից պետբյուջե մուտքագրել անհրաժեշտ 101 մլրդ դրամը, ապա Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր ասաց, որ արդեն այլ ուղիներ է գտել։
«Հիմնական գործոնները տնտեսական աճն է, օրենսդրական փոփոխություններն են, վարչարարական գործոններն են, պետության կողմից ֆինանսավորման աղբյուրները, որոնց հաշվին արդեն եկամուտներ կգան»,- բացահայտել է Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Ի դեպ, նա անդրադարձավ նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում վերջերս տեղի ունեցած հարկային ստուգումներին։
«Քննարկումների փուլ է ընթանում, խնդիրներ կան, որ հարկային մարմինը բարձրացրել է, նրանք չեն համաձայնվում, եւ այդ քննարկումները գնալու են գանգատարկման գործընթացով, եւ եթե վեճը չլուծվի, նաեւ դատական կարգով»,- սպառնաց Հարկային պետական ծառայության պետի տեղակալը: