Միշային են փնտրում
Հունվարի 18-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 59-ամյա վարորդին և նույն տաքսի ծառայության 28-ամյա կարգավարին:
Ավտոմեքենայի փոխանցման տուփի լծակի տակ հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով, իսկ վարորդի բաճկոնի գրպանում` թղթե 2 փաթեթ` 5,5 և 5,4 գրամ համանման զանգվածով:
Կարգավարի բաճկոնի գրպանից և գուլպայի միջից նույնպես թղթե փաթեթներ են հայտնաբերվել, համապատասխանաբար` 5,1, 1,7 և 3,6 գրամ կանեփանման զանգվածով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վարորդը փաթեթները 10.000 դրամով ձեռք է բերել կարգավարից, իսկ վերջինս էլ` ոմն Միշայից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Միշայի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին
Հունվարի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 248-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1972 թ. ծնված Գևորգ Շադունցը, և ուղևորը` 1969 թ. ծնված Աշխեն Լևոնյանը, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Կողոպուտի մեղադրանքով
Հունվարի 18-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 28-ամյա մի բնակչի, որը 2011 թ. հունիսի 6-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Այս մասին հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը։