Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլում ցույց է անցկացվելու

Հասարակություն
6217b60eff768881347b62e8c7d2b764

Հրանտ Դինքի ընտանիքի անդամներն ու «Ակոս»-ի խմբագրի հազարավոր համախոհները դուրս կգան Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակ` մեկ անգամ եւս հարգանքի տուրք մատուցելու 2007 թվականի այս օրը սպանված հայազգի լրագրողի հիշատակին:

Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Այս տարվա հիշատակի ակցիան, սակայն, կտարբերվի նախորդներից: Պատճառը երկու օր առաջ Ստամբուլի քրեական դատարանում կայացված վճիռն է, որը թուրքական հանրության ու քաղաքական դաշտի մի զգալի մասի մոտ խորը վրդովմունք առաջացրեց: Քաղաքական ու հասարակական գործիչների, նույնիսկ պաշտոնյաների մեծ մասը դատավճիռը թերի է համարում, քանի որ այն վերհանեց միայն սպանության անմիջական իրականացնողներին` չբացահայտելով իրական կազմակերպիչներին։

Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության: Օգյուն Սամասթին սպանության դրդած Էրհան Թունջելին թուրքական դատարանը դատապարտեց 10,5 տարվա ազատազրկման:

 

Չորեքշաբթի երեկոյան խնդրին անդրադարձել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` հայտարարելով. «Ես տեսնում եմ այն դժգոհությունը, որ կա հանրության շրջանում: Այնուհանդերձ, որքան ես եմ հասկանում, դատավճիռը բողոքարկվելու է, այնպես որ` եկեք սպասենք դատական պրոցեսի հետագա ընթացքին ու վերջնական վճռին»:

Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայի կարծիքով` դատարանի վճիռը հեռու էր հանրության սպասելիքներից։ «Ցավալի է, երբ դատարանը պնդում է, թե սպանության հետեւում չկան կազմակերպիչներ: Հանրության շրջանում առկա տրամադրություններն այլ են` մարդիկ համոզված են, որ Դինքի սպանությունը շատ լավ կազմակերպված գործողության արդյունք էր», - ասել է թուրք նախարարը:

Իսկ թուրքական ընդդիմությունը անարդար վճռի կայացման մեջ մեղադրում է թե՛ ազդեցիկ ազգայնականներին եւ թե՛ գործող իշխանությանը:

Առաջատար ընդդիմադիր կուսակցության` Ժողովրդա-հանրապետականի փոխնախագահ Սեզգին Թանրիկուլուն երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Հին եւ նոր խորքային պետությունները համատեղ ուժերով արեցին ամեն ինչ, որպեսզի սպանության կազմակերպիչները չբացահայտվեն: «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մեծագույն պատասխանատվություն է կրում այս տապալման համար: Տրապիզոնցի մի քանի երիտասարդները չէին կարող հանկարծ որոշել այս սպանությունն իրագործել»։