Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

SOPA/PIPA-ն սպառնում են նաեւ ինտերնետի հայկական տիրույթին

Հասարակություն
d8a65761a8e2b2f7bf5b26882b63359f

12-րդ դասարանցի Մարիամ Ավագյանը օրական նվազագույնը երկու ժամ անցկացնում է ինտերնետում ու գրեթե ամեն օր օգտվում է Wikipedia-ից՝ դասերը պատրաստելու կամ պարզապես հետաքրքիր հոդվածներ ընթերցելու համար:

Հունվարի 18-ին նա սովորականի պես չկարողացավ մտնել Wikipedia. կայքն անհասանելի էր, ամբողջությամբ «սեւացած» ֆոնին գրված էր՝ «Պատկերացրեք աշխարհն առանց ազատ գիտելիքի: Այս պահին ԱՄՆ-ի Կոնգրեսը քննարկում է օրինագիծ, որը կարող է վնասել ազատ եւ բաց Ինտերնետը»:

Այս օրը «սեւացած» էին 75.000 կայքեր, այդ թվում նաեւ Google-ը, Mozilla-ն, Wordpress-ը, որոնցից շատերի վրա երեւում էր «Գրաքննված է» գրությունը: Կայքերն այդպես պայքարում են Ինտերնետում հնարավոր գրաքննության դեմ, որը նախատեսում են Կոնգրեսում քննարկվող SOPA (Stop Online Piracy Act) եւ Սենատում քննարկվող PIPA (PROTECT IP Act) օրինագծերը:

«Դադարեցրեք Օնլայն ծովահենությունը» (SOPA) եւ «Տնտեսական ստեղծագործականության իրական օնլայն սպառնալիքների եւ մտավոր սեփականության գողության կանխարգելում» (PIPA) օրինագծերի նպատակն է կառավարությանն ու հեղինակային իրավունքի սեփականատերերին հավելյալ գործիքներ/լծակներ տրամադրել արգելափակելու այն խարդախ կայքերը (հատկապես՝ ԱՄՆ-ի տարածքից դուրս գրանցված), որոնք կեղծված ապրանքներ են առաջարկում եւ խախտում են հեղինակային իրավունքները:

Օրինագծերի համաձայն՝ ինտերնետային գործունեության ցանկացած մասնակից՝ սկսած փրովայդերներից, որոնողական համակարգերից, վերջացրած գովազդատուներով, պարտավոր է իրավապահների ցանկացած դիմումի դեպքում դադարեցնել ծառայություններ մատուցել այն ռեսուրսին, որը մեղադրվում է ծովահենության մեջ՝ դադարեցնելով նրա հետ ցանկացած համագործակցություն (պարտավորվելով արգելափակել կայքը, արգելափակել վճարային համակարգերի գործողությունը՝ (Paypal, Visa, եւ այլն) հեռացնել կայքը որոնողական համակարգից, հեռացնել ակտիվ հղումները դեպի այդ կայքեր եւ այլն) հակառակ դեպքում այն կհամարվի մեղադրվող կայքի հանցակից: Իսկ որպես հանցագործության մաքսիմալ պատժաչափ նախատեսված է ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով:

Օրինագծերի դեմ պայքարողները գտնում են, որ դրանք խախտում են ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին փոփոխությունը, գրաքննություն են մտցնում Ինտերնետում, սահամանափակում են խոսքի ազատությունը եւ Ինտերնետի զարգացման հնարավորությունները:

Հունվարի 18-ին կայքերը «սեւացնելու» ակցիան աննախադեպ օնլայն ակտիվիզմ արձանագրեց ԱՄՆ-ում. 4.5 միլիոն մարդ մասնակցեց Գուգլի anti-SOPA ստորագրահավաքին, եւս 1.5 միլիոն նման այլ ստորագրահավաքների, 162 միլիոն մարդ տեսավ Վիքիփեդիայի «սեւացած» էջը, SOPA/PIPA-ի հետ կապված 2.4 միլիոն թվիթ գրվեց միկրոբլոգում, կայքերի բողոքի արդյունքում 35.000 մարդ նամակ գրեց սենատորներին եւ ներկայացուցիչներին:

SOPA/PIPA-ի ճակատագիրը կարեւոր է ոչ միայն ԱՄՆ-ի ժողովրդի եւ կայքերի, այլեւ ինտերնետից օգտվող յուրաքանչյուր օգտատերի համար: Ինտերնետում գրաքննություն մտցնող օրինագծերը իրենց ուղղակի ազդեցությունը կունենան նաեւ Հայաստանի վրա: Տեղեկատվական տեխնոլոգիաների հայ մասնագետները մտահոգված են դրանց ընդունման հնարավոր հետեւանքներով:

«Ինտերնետը մի տիրույթ է, որտեղ ոչ միայն պատրաստվում, այլեւ տարածվում են ինֆորմացիան եւ քոփիրայթի բոլոր օբյեկտները: Եվ եթե SOPA-ն անցնի, նշանակում է, որ բոլոր տարածող կայքերը վտանգի տակ են եւ կարող են փակվել յուրաքանչյուր պահին»,- ասում է ՏՏ մասնագետ Միքայել Ղազարյանը:

Նրա խոսքերով՝ վտանգի տակ գտնվող կայքերի թվում են նաեւ հայկականները:

«Ինտերնետը տվյալ պարագայում չունի սահման, ու դա անմիջապես կազդի նաեւ Հայաստանի վրա, որովհետեւ եթե նույնիսկ Հայաստանը դուրս է ԱՄՆ-ի օրենքի ազդեցության տակից, հայկական կայքերը, որոնք ամերիկյան օրենքների խախտում կհամարվեն, կհեռացվեն Գուգլի որոնողական համակարգի արդյունքներից, եւ հայ օգտատերը չի կարողանա գտնել հայկական կայքերը, քանի որ օգտվում է ամերիկյան որոնողական համակարգերից»,- ասում է նա:

Տեղեկատվական Տեխնոլոգիաների ինժեներ Նորայր Չիլինգարյանը գտնում է, որ հեղինակային իրավունքն արդեն կորցրել է իր արդիականությունը, եւ թվային դարաշրջանում դրա սահմանափակումները պետք է վերանայվեն:

«Հեղինակային իրավունքի մասին օրենքները ստեղծվել են մինչեւ թվային դարաշրջանը, երբ գիրքը, նկարները, եւ հեղինակայինինտերնետ գործադուլին միացած կայքերը իրավունքի այլ առարկաներն այդքան հեշտ չէր կրկնօրինակելը, եւ հստակ կարելի էր գծել սահմաններ կրկնօրինակման, պարզապես դիտելու ու տարածելու մեջ։ Թվային աշխարհում այդ սահմանները գծելը այդքան էլ հեշտ չէ, եւ բնական է, որ այդ ակտի պրոեկտը չէր լինի, եթե փաստացի անհամապատասխանություն չստեղծվեր քոփիրայթի գաղափարի ու ժամանակակից թվային աշխարհի մեջ»,- ասում է նա։

ՏՏ ինժեների խոսքերով՝ եթե չլինեին հեղինակային իրավունքի մասին օրենքներում հատուկ փոփոխությունները, ամեն անգամ, երբ համացանցային զննիչը ցույց տար որեւէ բովանդակություն՝ տեքստ, լուսանկարներ եւ այլն, դա կլիներ օրենքի խախտում, քանի որ ցույց տալու համար այն համակարգչի հիշողության մեջ կրկնօրինակ է ստեղծում:

«Այսինքն՝ քոփիրայթն արդեն իսկ մեղմացվել է, որովհետեւ հակառակ դեպքում վեբը գոյություն չէր ունենա»,- ասում է նա:
Նորայր Չիլինգարյանի կարծիքով՝ SOPA/PIPA-ն ինտերնետի բովանդակությանը սպառնացող օրինագծեր են, որովհետեւ դրանց ընդունման արդյունքում բազմաթիվ ինտերնետային ռեսուրսներ կփակվեն, եւ օգտակար քոնթենթի քանակը կտրուկ կպակասի։
Media.am