Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս.Սարգսի տոնը՝ փետրվարի 4-ին

Հասարակություն
d8edf7b7d858c1b3d85809f099b38f44

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգիս Զորավարի տոնը կնշվի փետրվարի 4-ին:

Այդ օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

«Այս տարի մենք նախատեսել ենք իրականացնել տարբեր միջոցառումներ զորամասերում: Այդ օրը «Շոկոլադ» թատերախումբը կայցելի հիվանդանոցներ, իր երգով ու պարով կուրախացնի հիվանդ երեխաներին: Իսկ փետրվարի 3-ին Նոր Նորքի Ս.Սարգիս եկեղեցին քաղաքապետարանի կրթության վարչության և Հայորդաց տների հետ համատեղ Նոր Նորքի թաղապետարանի բակում կազմակերպելու է մեծ համերգային միջոցառում, որից հետո խաչով քայլերթ կլինի դեպի Ս.Սարգիս եկեղեցի»,-«Ա1+»-ին հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը:

Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում՝ իրենց սիրեցյալին երազում տեսնելու համար։

Այդ օրը փոխինդով կամ ալյուրով մատուցարանը դնում են տան տանիքին կամ պատշգամբին և սպասում Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը: