Հրաժարվում են մասնակցել դատավարությանը
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` նախագահող դատավոր Սամվել Մարդանյանի՝ հունվարի 18-ի միանձնյա որոշմամբ «Մեհրաբ» զորամասի մարտական հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության արտագնա նիստն ընդհատվել և վերանշանակվել է Իջեւան քաղաքում: Դատավարության մասնակիցներին այդ օրը հնարավորություն չտրվեց կարծիք հայտնել որոշման մասին այն ընդունելուց ո՛չ առաջ, ո՛չ էլ հետո:
Այսօր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն ու մեղադրյալների պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատավորի այս որոշման դեմ։
«Դատավոր Սամվել Մարդանյանը գործով դատավարության արտագնա նիստերը Երևան քաղաքում գումարելու մասին որոշումը կայացրել էր դեռևս 2010թ. հոկտեմբերի 21-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդությամբ։
Դատավարության մասնակիցների գերակշիռ մասը բնակվում են Երևան քաղաքում կամ մոտակա շրջաններում, այդ թվում՝ տուժողի իրավահաջորդը, նրա երեք ներկայացուցիչները, դատախազը, ամբաստանյալների չորս փաստաբանները, ամբաստանյալներից մեկը զինծառայության է Երեւանում, մնացած չորս ամբաստանյալները գտնվում են Երևանի քննչական մեկուսարանում, մինչդեռ Տավուշի մարզում են միայն դատավորը և չորս վկաներ:
«Երեւանում անցկացվող վերջին դատական նիստերի ընթացքում, ինչպես նաեւ արտադատարանական կարգով, դատախազ Հ. Հարությունյանը ակնարկում էր, իսկ դատավոր Ս. Մարդանյանը տարբեր առիթներով մտադրություն էր հայտնում նիստերը նորից Տավուշի մարզում անցկացնելու մասին հատկապես այն ժամանակ, երբ սահմանափակում էր պաշտպանների կողմից վկաներին առաջադրված հարցերը, երբ կողմերը բացարկի եւ ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացնում մեղադրանքը պաշտպանող դատախազին եւ նիստը նախագահող դատավորին»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ հեղինակների՝ նիստերը Տավուշում անցկացնելը լրացուցիչ, հաճախ նաեւ անհնարին ծախսեր է պահանջում ինչպես դատավարության մասնակիցներից եւ նրանց հարազատներից, այնպես էլ ավելորդ վատնում է պետության միջոցները. միայն կալանավորների տեղափոխումը Երեւանից Իջեւան եւ հակառակ ուղղությամբ հարկատուների միջոցների զգալի վատնում է:
«Դատավոր Սամվել Մարդանյանի 18.01.2012թ. որոշումը գնահատում ենք որպես դատախազության կողմից ուղղորդված կամայականություն՝ գործի անաչառ քննության եւ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու դեմ՝ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու, գործը հանրության եւ լրատվամիջոցների ուշադրությունից շեղելու եւ զինդատախազության ներկայացրած շինծու մեղադրանքի տրամաբանությամբ տանելու նպատակով՝ այն պահին, երբ ակնհայտորեն կոտրվում էր ներկայացված մեղադրանքի մեջքը:
Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես բողոքի արտահայտություն հայտարարում ենք ,որ հրաժարվում ենք մասնակցել Տավուշի մարզի Իջևան քաղաքում նշանակված 24.01.2012թ. նիստին և պահանջում ենք գործի քննությունը Երեւանում շարունակելու մասին նոր որոշում »,-ասված է հայտարարության մեջ։