Կվերադառնա՞ն վերջապես Հայաստան
Արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ մեկ շաբաթ Վերին Լարսի անցակետում մնացած ՀՀ 60 քաղաքացիներ այսօր կվերադառնան Հայաստան։
«Մոտակա ժամերին երեւի ճանապարհը կբացվի։ Երեկ ճանապարհի մաքրումը գրեթե վերջացրել էին, սակայն մութն էր ընկել եւ նորից սկսել էր ձյուն տեղալ»,- «Ա1+»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հղում անելով վրացական աղբյուրին։
Հայաստանի 60 քաղաքացիներ արդեն մեկ շաբաթից ավելի է չեն կարողանում անցնել Վերին Լարսի անցակետը՝ Հայաստան գալու համար։
«Մաքրման աշխատանքներ են կատարվում, սակայն ասում են, որ դեռ չեն վերջացրել»,- այսօր «Ա1+»-ին ասաց «պատանդ մնացած» վարորդ Արմեն Մամուլյանը եւ տարակուսեց, որ եթե այսօր էլ ճանապարհը չբացվի, ապա պարզ չի, թե երբ կկարողանան շարժվել, քանի որ եղանակային կանխատեսումների համաձայն՝ հաջորդ օրերին ձյուն է տեղալու։
Ճանապարհին մնացած 15 մեքենաները մարդատար են, իսկ 60 քաղաքացիները, իրենց խոսքերով, Ստեփածմինդա գյուղում սեփական միջոցներով տներ են վարձել եւ սննդի ծախսերը եւս հոգում են սեփական միջոցներով։
«Ոչ մի բան չենք կարողանում անել»,- ասաց Արմեն Մամուլյանը։