«Գիտենք, թե այդ մեկն ով է» (տեսանյութ)
Այսօր Հայաստանում լրագրողը ստիպված է աշխատել խառնաշփոթ քաղաքական դաշտում,- ասում է «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։
Լրատվամիջոցների համար ինֆորմացիոն դռները բացվում են միայն ժամանակ առ ժամանակ՝ «վերեւների» հրահանգով. «Այդ պահին դուռը բաց է թողնվում տարբեր մեկնաբանությունների համար՝ ասեկոսների, ենթադրությունների»։
«Հայելի» ակումբում հրավիրված քննարկմանը «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը ավելի կարեւորեց այն, թե մեր երկրում կարեւոր պահերին ովքեր եւ ում առաջ են բացվում ինֆորմացիոն դռները: Պարոն Մովսեսյանը հատկապես մտահոգիչ է համարում լրատվամիջոցներում բազմակարծության բացակայումը, ինչ վկայում է, որ դաշտը մենաշնորհված է:
«Ընդունված է ասել՝ օլիգարխների լրատվամիջոցները, բայց դա այնքան էլ այդպես չէ, նույն օլիգարխները պատկանում են ավելի մեծ անձի, եւ այդ անձը ավելի բարձր է եւ տիրում է այդ դաշտում»,- ասում է նա։
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրը կարծում է, որ առաջիկա խորհրդարանի ընտրությունները լուսաբանելու ընթացքում լրատվամիջոցների աչքից ոչինչ չի վրիպելու՝ սոցիալական ցանցերի եւ ինտերնետային կայքերի ավելացման շնորհիվ։
«Ա1+»-ի նախագահը նույն կարծիքին չէ: Կայքերի վերաբերյալ circle.am-ի ներկայացրած պատկերն նրան բոլորովին այլ բան է հուշում, այդ տվյալները նա համարում է իրականության հետ կապ չունեցող եւ համոզված է, որ դա մեկ մարդու ձեռքի գործ է:
«Եվ մենք բոլորս գիտենք, թե այդ մեկը ով է, եւ այդ մեկ հոգին այդ 12-13 առաջատար լրատվամիջոցներով թելադրելու է դաշտին»,-ասաց նա: