Հագիսը կհանձնեն դեսպանին
Արդեն տասնչորս տարի շարունակ Հայաստանում կազմակերպվում է Բըրնսի Ընթրիք՝ նվիրված շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին: Երեկույթի նպատակը ոչ միայն ուրախ ժամանց կազմակերպելն է ներկաների համար, այլ նաև գումար հավաքագրել բարեգործական նպատակներով:
Բըրնսի Ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի և ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի Ընթրիքից մի քանի օր առաջ՝ հագիս պատրաստող խոհարարի և շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ:
Հունվարի 27-ին, ժամը 14:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո «հագիս» ուտեստը, ըստ ավանդույթի, հանդիսավոր կերպով կհանձնվի Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Լիչին:
Անցյալ տարի Բըրնսի Ընթրիքի ընթացքում հաջողվեց հավաքագրել 27 000 ԱՄՆ դոլարին համարժեք հանգանակություններ, որոնք ուղղվեցին տարբեր բարեգործական ծրագրերին. ապահովվել է լեյկեմիայով հիվանդ երեխայի մեկ տարվա բուժումը (Էխո ՀԿ-ի հետ համատեղ), դիաբետով տառապող երեխաների համար գնվել են գլյուկոմետրեր (Երազ հիմնադրամ), ձեռք է բերվել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար զարգացնող սարքավորում (Եվրազիա Համագործակցության հիմնադրամ), նորածինների համար հատուկ սարքավորում (Հայկական Ակնաբուժության նախագիծ), աջակցություն է տրամադրվել սահմանային գյուղերում ապրողներին (Հայ Ձմեռ Պապ բարեգործական հիմնադրամ), Զատիկ մանկատան սաները մեկ տարի ուսանել են անգլերեն լեզու և համակարգիչ:
Հայաստանում Բըրնսի Ընթրիքի կազմակերպիչներն են Հայ-Բրիտանական Գործարարության Պալատը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Այս տեղեկատվությունն էլ տրամադրել է դեսպանատան մամլո ծառայությունը։