Երեւանում «կասկածելի» «Պուտին» է բացվում
Հայաստանի երիտասարդական շարժումների, նախաձեռնությունների և անհատ քաղաքացիների առաջարկությամբ՝ Հայաստանի «Վլադիմիր Պուտին» համազգային երիտասարդական շարժման վարչությունը որոշում է կայացրել հունվարի 31-ին Հայաստանում «Պուտին» ակումբի բացման մասին:
Ակումբի նպատակն է լինելու ՌԴ նախագահի թեկնածու Վ. Պուտինի գաղափարների հանրայնացումը, Պուտինի կենսագրության և գործունեության վերաբերյալ քննարկում-սեմինարների անցկացումը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, ընդհանուր պատմության և միասնական հաղթանակների մասին իրազեկության բարձրացումը:
Ակումբը կունենա իր էլ-կայքը հայերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև պարբերաբար կհրապարակի բուկլետներ, բրոշուրներ, թռուցիկներ, պաստառներ և ամսագրեր Վլադիմիր Պուտինի մասին: Ասված է մամլո հաղորդագրության մեջ։
Ակումբը բացում է «ԱրմՔոմեդին»՝ «Քլաբորատորայում»։ Ի դեպ, հաղորդագրության մեջ համախոհների մի ամբողջ ցուցակ էր՝ մի մասը իրական, մյուս մասը՝ կարծես գոյություն չունեցող, անհասկանալի անուններով։
Օրվա ընթացքում նրանցից երկուսը՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը եւ Ռադիո Վանը հերքեցին իրենց մասնակցությունն այս «պրոյեկտին»։
Իսկ ահա կազմակերպիչները պնդում են, որ հաստատ վաղը, ժամը 14-ին ակումբը բացվելու է։