Կրպակների տեղն այգո՞ւմ է
«Մենք ենք այս քաղաքի տերը» եւ «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները այս պահին հավաքվում են Մաշտոցի այգում։ Նրանք դժգոհ են քաղաքապետարանի գործողություններից։
Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները տեղափոխվել են Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածք՝ Մաշտոց-Կողբացի հատված: Մինչդեռ Արամի և Բյուզանի փողոցների միջնամասում գտնվող նշված այգին հանրային զբոսայգի է՝ հանգստյան գոտի:
«Այգում որևէ նման շինության տեղակայումը հակաօրինական է և ոտնահարում է Երևանի բնակիչների առողջ միջավայրում ապրելու և հանգստի սահմանադրական իրավունքները: Այս որոշմամբ ևս մեկ անգամ մասնավոր շահը վեր է դասվել հանրայինից: Փոխանակ արդեն իսկ խարխուլ վիճակում գտնվող այգին բարեկարգվի և ապամոնտաժվեն գոյոթյուն ունեցող շինությունները՝ այգու մի զգալի հատվածը ոչնչացվում է և վերածվում առևտրի գոտու»,- ասված է հայտարարության մեջ։
Նախաձեռնության անդամները Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում են անհապաղ դադարեցնել շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված խանութները:
«Քաղաքային իշխանությունները պարտավոր են գտնել այնպիսի այլընտրանք, որը որևէ կերպ չի ոտնահարի Երևանի բնակիչների շահերը, այլ ոչ թե մի ընդհանուր օգտագործման տարածքից շինություններ ապամոնտաժել և տեղափոխել մեկ այլ ընդհանուր օգտագործման՝ այս անգամ կանաչ տարածք: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն, աչքակապություն և քաղաքացիների իրավունքների ոտնահարում»,-ասված է հաղորդագրության մեջ։