Ազնավուրը 10 հարուստներից 7-րդն է
Ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը համարվում է աշխարհի բարձր վարձատրվող երաժիշտներից մեկը։
Միայն անցած տարի լեգենդար երգիչը 2,2 մլն եվրո է վաստակել, տեղեկացնում է ИТАР- ТАСС-ը։
Այսպիսով, 87- ամյա երաժիշտը իր հոնորարների չափով աշխարհի 10 հաջողակ երաժիշտների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղը։ Այս տվյալներն այսօր հրապարակել է «Եվրոնյուզ»-ը։
Վարկանիշային սանդղակով առաջատարը երաժիշտ Դեվիդ Գետտան է՝ 3,2 մլն եվրո։ Նրան հետևում է 69 ամյա Էդդի Միտչելը՝ 3 մլն եվրո։ Երրորդ տեղում Ժան Լուի Օբերն է, որի նախորդ տարվա վաստակը կազմել է 2,7 մլն եվրո։
Հանրահայտ Ջոնի Հոլիդեյը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Անցյալ տարի նա համերգներից ստացել է 2,6 մլն եվրո հասույթ։
Ինչ վերաբերում է մեր երկրում շատ սիրված շանսոնյեին, ապա նա 1987 թվականից երեք տարին մեկ հանդես է եկել համերգային տարբեր ծրագրերով։
Անցած տարին նրա համար բավական հաջող է եղել։ Ազնավուրը 17 համերգ է տվել Փարիզի հայտնի «Օլիմպիա» դահլիճում։ Տոմսերը վաճառվել են 200 եվրոյով։ Նա հանդես է եկել նաեւ այլ երկրներում՝ ավելի քան 30 համերգային ծրագրով։ Իսկ դեկտեմբերին Մոսկվայի Կրեմլում տված նրա համերգը իսկական անշլագ է գրանցել։