Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսվեց Առաջավորաց պահքը

Հասարակություն
e66ec12bbf6064957e4c821b79dba764

Այսօր սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև փետրվարի 3-ը ներառյալ:

Պպատմությունը ավանդում է, որ Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել:

Այդ հինգ օրերին ժողովուրդն ու արքան ոչ միայն իրենք իրենց զրկել էին կերակուրներից, այլ ինչպես պահանջում է Աստծու կողմից ընդունելի պահքը՝ մեծապես զղջացին նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, որոնք Քրիստոսի հավատքի պատճառով Սուրբ Գրիգորին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո, օձալից ու խավար խոր փոսը` վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով սպանել:

Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Աոաքելական Եկեղեցու առաջին պահքը (որով և հիմնականում բացատրվում է նրա անունը):

Առաջավորաց Պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ այն որևէ առնչություն չունի:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը տեղեկացնում է, որ պահք պահելուց առաջ անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար: Պետք է քաջ գիտենալ, որ պահքը մարմնի համար չէ, այլ՝ հոգու մեղքից ազատագրվելու, և մարմինն անհրաժեշտից զրկելով, վարժեցնում են հոգուն` մեղքից հրաժարվելու:

Դրա համար պահք պահելու որևէ կանոն չկա, այլ կա բուն պահքը, որը սկզբից մինչև վերջ նույն կերպ է լինում, այսինքն՝ կենդանական կերակուր չճաշակելով կամ ընդհանրապես ոչինչ չուտելով:

Փետրվարի 3-ի երեկոյան անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը` Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին և հաղորդվել, որով և դուրս գալ պահքից: