Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը խաբո՞ւմ է բնակիչներին

Հասարակություն
30e3acc8994d81ae51a4fd96d9441b52

«Մենք ենք այս քաղաքի տերը» եւ «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունները Երեւանի քաղաքապետարանի գործողություններում բնակիչներին մոլորության մեջ գցող փաստեր են արձանագրել եւ այդ մասին տարածել հաղորդագրություն, որը ներկայացնում են հատվածաբար։

Վերջին օրերին Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում իրականացվող ապօրինի շինարարության շուրջ բարձրացած բողոքին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը տարածել էր պաշտոնական պարզաբանում, որի մեջ ասվում էր, թե քաղաքապետարանը «Երևանի Կենտրոնի գոտևորման նախագծին» համապատասխան կառուցապատման աշխատանքներ է կատարում պողոտայի նշյալ հատվածում:

Հիշեցնենք, որ խոսքը Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցների՝ այդ տարածքում վերակառուցման մասին է:

«Վերոնշյալի հետ կապված արձանագրում ենք, որ իրականում Երևանի քաղաքապետարանը հիշյալ կառուցապատումը չի՛ իրականացնում Երևանի գլխավոր հատակագծին և Կենտրոնի գոտևորման նախագծին համապատասխան: Նշված փաստաթղթերով խնդրո առարկա տարածքը կանաչ գոտի է, որում սպասարկման որևէ օբյեկտի կառուցումը ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է այն պարզ պատճառով, որ չի համապատասխանում տարածքի նպատակային և գործառնական նշանակությանը: Հետևաբար անհիմն ենք համարում տարածքն ընդհանուր օգտագործման տարածք չճանաչելու՝ քաղաքապետարանի պնդումը, և համոզվելու համար առաջարկում ենք բոլորին ծանոթանալ Երևանի գլխավոր հատակագծին և Կենտրոնի գոտևորման նախագծին»,- գրում են բնապահպան ակտիվիստները:

Անդրադառնալով նույն պարզաբանման մեջ տեղ գտած մեկ այլ փաստարկի, ըստ որի՝ կառուցապատումը «հիմնականում սպասարկելու է «Հին Երևան» ծրագրով նախատեսված հատվածը, բնապահպանները նշում են. ««Հին Երևան» ծրագրի նախագիծը երբևէ հանրային քննարկման չի դրվել, ինչը նշանակում է, որ ծրագրի շրջանակներում իրականացվող որևէ շինարարություն անօրինական է, քանի որ խախտում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը հաստատելուց առաջ ներկայացնել հասարակական քննարկումների: Առանց հասարակայնության իրազեկման և քննարկումների նման քաղաքաշինական նախագծի իրականացմանն ուղղված որևէ քայլ պարզապես հակաօրինական է»:

Ավելին` նախաձեռնության անդամները զավեշտալի են համարում այն հանգամանքը, որ Երեւանի իշխանություններն «այսպես հապճեպ իբր նախաձեռնում են ուրվական այդ ծրագրով նախատեսված հատվածի «սպասարկման» ապահովումը», եւ նշում, որ արդեն վաղուց ապամոնտաժված՝ տեղափոխման ենթակա հուշարձաններից ոչ մեկի հիմնաքարն անգամ տեղադրված չէ:

«Բավարարվելով այսքանով՝ հարկ չենք համարում անդրադառնալ կառուցվող խանութների գեղագիտական կամ նպատակային նշանակության առանձնահատություններին, որովհետև կարծում ենք, որ ՀՀ օրենդրության խախմամբ իրականացվող որևէ շինարարական նախագիծ քննարկման անգամ ենթակա չէ: Ուստի ևս մեկ անգամ պահանջում ենք քաղաքապետարանից դադարեցնել տարածքում իրականացվող շինարարությունը և ապամոնտաժել նշյալ կառույցները»,- գրված է հաղորդագրության տեքստում։