Փորձել են գողանալ դպրոցի զենքը
Այս գիշեր հարձակում է կատարվել Երեւանի թիվ 32 դպրոցի վրա։
Ոստիկանության լրատվական բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ փետրվարի 1-ին ժամը 02.45-ին, Երեւանի թիվ 32 դպրոցի տնօրենը զանգահարել է քաղաքի վարչության հերթապահ մաս ու հայտնել, որ անհայտ անձինք մտել են դպրոց եւ փորձել են բացել զինանոցի դուռը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 02.20-ի սահմաններում 3 անհայտ անձինք դպրոցի հետնամասի դռան բաց մուտքից մտել են դպրոց, կապել 73 ամյա պահակի ձեռքերն ու ոտքերը եւ «տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել մի քանի դասասենյակի դռներ»։
Երբ ավազակները փորձել են բացել զինանոցի դուռը, միացել է ազդանշանային համակարգը եւ նրանք հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։
Հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ՝ այդ անհայտ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։