Դատավորը խախտել է օրե՞նքը
ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը դատավոր Գագիկ Պողոսյանին ինքնաբացարկի միջնորդություն, այնուամենայնիվ, կներկայացնի փետրվար 7-ին նշանակված դատական նիստում։
Այսօր դատավորի տրամադրած 15 րոպե ընդմիջումից հետո փաստաբանը ներկայացավ նիստին եւ 2 օր ժամանակ խնդրեց, դատավորին ներկայացվելիք ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու համար։
«Ա1+»-ի հարցին, թե. ի՞նչ հիմքեր ունի դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, Վահե Գրիգորյանը պատասխանեց. « Հիմքերը մանրամասն կշարադրեմ միջնորդության տեքստում։ Իսկ ընդհանրապես, դատավորը գործի քննության ընթացքում դրսեւորում է կողմնակալ վերաբերմունք, որով խախտել է դատարանի անաչառության սկզբունքը»։
Փաստաբանը նիստը լուսաբանող լրագրողներին ասաց նաեւ, որ Տիգրան Առաքելյանին այսօրվա դատական նիստին մասնակցելու իրավունքից զրկելը նույնպես կոպիտ խախտում է. «դատարանը խախտել է իր իսկ կայացրած սանկցիայի պայմանները»։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավոր Պողոսյանը Տիգրան Առաքելյանին դատարանի դահլիճից հեռացրել էր «Դատախազը մի բաժակ ջրում փոթորիկ է ստեղծում» արտահայտությունը գնահատելով որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։
Պաշտպանյալի նկատմամբ «անարդարացի պատժամիջոց» կիրառելու համար, փաստաբանը նույնպես հեռացել էր նիստից։ Փաստաբան Գրիգորյանի ակցիան դատավոր Պողոսյանը նույնպես ընկալել էր որպես վիրավորանք եւ նրա նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու որոշում էր կայացրել։