Ս.Սարգսյանը հովանավորում է Ս. Սարգսի տոնը (տեսանյութ)
Երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի եկեղեցական տոնն այս տարի կանցնի Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Փետրվարի 4-ին` ժ. 11.00-ին Ս. Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ և տեղի կունենա երիտասարդների օրհնության կարգ (եկեղեցիները բաց կլինեն մինչև ուշ երեկո):
Եկեղեցական ծիսակատարությունից հետո տոնը նշվելու է ճոխ տոնախմբություններով։ Արարատյան Հայրապետական թեմը բոլորին եւ հատկապես երիտասարդներին սիրով հրավիրում է «Սիրահարների այգի»` մասնակցելու աննախադեպ տոնախմբության: Տեղի կունենա համերգային ծրագիր, ներկա կլինի Ս. Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորը` նվերներով, և այլ անակնկալներ: Մուտքն ազատ է: Սերժ Սարգսյանի մասնակցության մասին պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակումներ չկան։
Իսկ այսօր՝ փետրվարի 3-ին` ժ. 16.00-ին, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ տեղի կունենա տոնական միջոցառում: Ներկաներին կբաժանվեն նվերներ և բացիկներ:
ժ. 15.00-ին` Նոր Նորքի թաղապետարանի հարակից պուրակում կկազմակերպվի տոնական միջոցառում, որից հետո մասնակիցները խաչերթով Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի կգնան, որտեղ օրհնության կարգից հետո ևս տեղի կունենա տոնական համերգ:
ժ. 13.00-ին`ցուցահանդես Գեղագիտության ազգային կենտրոնում: Բացումը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիկսպոս Կճոյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ժ. 14.00-ին` ցուցահանդես` Ազգային Ակադեմիայի պատկերասրահում: Բացումը կկատարեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիկսպոս Կճոյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղեկացնենք, որ Սուրբ Սարգիսն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվել է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում:
Իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններն ու կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեություն: Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսն աստվածային հայտնությամբ հրաման է ստանում հեռանալ կայսրության սահմաններից:
Իր որդի Մարտիրոսի հետ ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:
Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստան, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:
Շապուհը սիրով ընդունում է Սարգսին և նրան նշանակում զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը ընդունում են քրիստոնեությունը:
Սակայն Շապուհը Սարգսից պահանջում է պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարը մերժում է նրան և կործանում է բագինը:
Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է որդին` Մարտիրոսը: Սարգիսը բանտարկվում է և գլխատվում, որից հետո նրա մարմնի վրա լույս է ծագում:
Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսի հավատարիմ 14 զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:
Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող սուրբ է և արագահաս բարեխոս: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: