Ատրճանակ եկեղեցու տարածքում
Փետրվարի 2-ին, ժամը 10.30-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Նորքի 5-րդ զանգվածում գտնվող եկեղեցու տարածքում ատրճանակ է թողնում:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել են «ԳԼՈԿ» տիպի ատրճանակ` պահունակով:
Հայտնաբերված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Իսկ ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել մի տղամարդ և հանձնել է «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի մեկական նռնակ` առանց պայթուցիչի, ամոնալի 1 գլանակ, «Կարաբին» հրացանի 10 և ինքնաձիգի 62 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը գտել է նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Լճաշեն գյուղի աղբանոցից` պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Զենքը թողել է
Փետրվարի 2-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ երկաթգծի կայարանի վերջնամասում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է կարմիր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, ինքնաձիգի 250 փամփուշտ, գնդացրի 2 փամփուշտ, 2 ծխարձակիչ, ինքնաշեն պայթուցիկ սարք և 1 հատ պայթուցիկ ծրար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Սուտ մատնության մեղադրանքով
Փետրվարի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Կիևյան փողոցի մի բնակարանից բերման են ենթարկել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 1974 թ. ծնված Օքսաննա Մակովոզիին, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
Կատարվում է քննություն:
Գողերը բռնվեցին
Հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, դռան կախովի փականը կոտրելով, Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ գտնվող արհեստանոցից գողացել են զոդման 2 սարք, էլեկտրական շաղափ և մոտ 50 մետր մալուխ` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են մեկ օր առաջ մեկ այլ հանցագործության համար ոստիկանների կողմից ձերբակալված, 1985 թ. ծնված Նիկոլայ Մայիլյանը և 1988 թ. ծնված Դերենիկ Թոխյանը: Նրանք Հայանիստ գյուղի գյուղապետարանից գողացել էին «Պենտիում-4» տիպի 2 համակարգիչ, ֆաքսի ապարատ և պատճենահանման ու տպիչ սարքեր: Պատճառված նյութական վնասի չափը կազմում էր 738.338 դրամ:
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ Մայիլյանն ու Թոխյանը 2011 թ. դեկտեմբերի 9-ի գիշերը, պատը քանդելու միջոցով, մտել են Հովտաշատ գյուղի մի խանութ և գողացել սննդամթերք ու ծխախոտ` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։