Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական ժամանակի» լրագրողին կալանավորել են/ լրացված

Հասարակություն
af2009bbe0e802c1e585527d45d3d58f

« Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը կալանավորված է։ ՀԺ խմբագրությունից տեղեկացանք, որ նրան առավոտյան, աշխատանքի գալու պահին շրջապատել են քաղաքացիական հագուստով անձինք եւ տարել անհայտ ուղղությամբ։

Հետագայում Հայկի փաստաբան Վահե Գրիգորյանը պարզել է, որ նա  գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Պարզվել է նաեւ, որ հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը հետախուզման մեջ է ինչ-որ ավտովթարի հետ կապված, թեպետ նա ամեն օր աշխատավայրում է եղել, եւ իր հետախուզման մասին տեղեկացված էլ չի եղել։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց, որ Հայկ Գեւորգյանը կալանավորված է։

Արմեն Մալխասյանի խոսքերով՝ Հայկ Գեւորգյանը մեղադրվում է հունվարի 13-ին վրաերթ կատարելու եւ դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ։

Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի այն է` «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս և 244-րդ հոդվածի «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից» հատկանիշներով:

Այլ մանրամասներ նա չցանկացավ հաղորդել։ Այսօր ժամը 18.00-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը` այս դեպքի հետ կապված։

 Ի դեպ. որոշ տեղեկություններով՝ այս միջադեպը կապված է Հայկի՝ ոստիկանապետի վերաբերյալ վերջին հրապարակումների հետ։