Սկսվել է ծառերի գույքագրումը
Մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման և ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտացած աշխատանքային խումբ:
Այն կգույքագրի մայրաքաղաքում առկա կանաչ տարածքներն ու կհամարակալի ծառերը: Այս ուղղությամբ գործնական առաջին քայլերն արդեն իսկ արվել են, որի շրջանակում, մասնավորապես, գույքագրվել և համարակալվել են Գլխավոր պողոտայի Մարգարյանի անվան «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից տարածքի բոլոր ծառերը:
Գույքագրման հիման վրա կկազմվի առկա ծառերի և կանաչ գոտիների մասնագիտական քարտեզ, որը հնարավորություն կընձեռի վերահսկել մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաև տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից տվյալ տարածքներում ծառերի և թփերի նկատմամբ խնամքն ու դրանց պահպանումը:
Ըստ քաղաքապետարանի մամլո հաղորդագրության՝ հատկապես վերջինի մասով կդրվի նաև պայմանագրային խիստ պահանջ, համաձայն որի ծառերի ու կանաչ գոտիների նկատմամբ չնախատեսված կամ ոչ մասնագիտական յուրաքանչյուր միջամտության դեպքում տվյալ ընկերությունը կպատժվի օրենքով սահմանված կարգով:
Նշենք նաև, որ այս տարի մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 10 հազար մշտադալար ծառեր ու թփեր, ավելի քան 20 հազար դեկորատիվ ծառեր: Բացի այդ նախատեսվում է վարչական շրջաններում անցկացնել 20 հազար գծամետր ոռոգման ցանց, ինչպես նաև ավելի քան 1մլն 700 հազար տարատեսակ ծաղիկներով ավելացնել ծաղկային տարածքները` հասցնելով այն 5,5 հեկտարի: